«Նրա ներկայությունը շատ հարցեր կառաջացնի հանրության շրջանում». Նարեկ Մակարյանի նոր ֆոտոշարքն ու նախագիծը

12:26   12 սեպտեմբերի, 2018

Տեւական ժամանակ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգիչ Նարեկ Մակարյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Իր նոր՝ գունեղ ֆոտոպատմությունը երգիչն իրականացրել է ամերիկաբնակ լուսանկարչուհի Սեդա Ստեփանյանի հետ: Իսկ նոր ֆոտոշարքը առիթ հանդիսացավ, որ կրկին զրուցենք երգչի հետ ու պարզենք, թե ինչ նորություններ ունի այս շրջանում:

Զրույցի սկզբում անդրադարձանք հետաքրքիր ֆոտոնախագծին.

«Երբ սկսեցինք քննարկումներն այս ֆոտոշարքի վերաբերյալ, ես հասկացա, որ պետք է թողնեմ՝ Սեդան աշխատի այնպես, ինչպես ինքն է ուզում: Առհասարակ, նա շատ է տարբերվում իր աշխատանքներով: Բացարձակ չեմ խառնվել որեւէ հարցի, ասել եմ՝ Սեդա ջան, թողնում եմ քո պրոֆեսիոնալիզմի վրա: Ընդհանրապես չեմ փոշմանում:)»,-անկեղծացավ երգիչը:

Երկար ամիսներ ԱՄՆ-ում հաստատված երգիչը խոստանում է՝ շուտով վերադառնալու է հայրենիք, սակայն մինչ այդ դեռ անելիքներ ունի ԱՄՆ-ում.

«Բավականին երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում եմ, բայց շուտով կգամ, քանի որ շատ եմ կարոտել Հայաստանը, սակայն այստեղ նախագծեր ունեմ, որոնք դեռ չեն ավարտվել, ինչի պատճառով էլ վերադարձս հետաձգվում է»:

Այնուամենայնիվ, ռոմանտիկ երգացանկով աչքի ընկնող արտիստը օվկիանոսից այն կողմ էլ չի մոռացել իր երաժշտության երկրպագուներին: Երգչի «Նայիր աչքերիս» երգը, թեեւ ամբողջությամբ դեռեւս հասանելի չէ համացանցում, բայց արդեն հասցրել է սիրվել լիրիկական երգերի սիրահարների կողմից.

«Երգն ամբողջությամբ պատրաստ է արդեն, շուտով կսկսենք աշխատել տեսահոլովակի շուրջ: Նորությունների մասին շատ չեմ խոսի, ուղղակի կասեմ, որ շուտով նոր արտիստ կհայտնվի մեր ասպարեզում: Ինձ թվում է՝ նրա ներկայությունը շատ հարցեր կառաջացնի հանրության շրջանում, իսկ նախագծի պրոդյուսինգով ես եմ զբաղվում: Մի խոսքով՝ շուտով առավել մանրամասն կզրուցենք այս թեմայի շուրջ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE