«Ես ոչնչից չեմ վախենում». Փոլ Ուոքերն այսօր կդառնար 45 տարեկան

17:03   12 սեպտեմբերի, 2018

1973 թ-ի սեպտեմբերի 12-ին ծնվել է հոլիվուդյան հայտնի դերասան, «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերը։ Ամերիկացի դերասանն այսօր կդառնար 45 տարեկան… 

Դերասանը մահացել է 2013 թ-ի նոյեմբերի 30-ին՝ ավտոպատահարի հետևանքով։ Փոլն այդ օրը վերադառնում էր բարեգործական միջոցառումից։

«Հրեշը՝ պահարանում» ֆիլմը դերասանի մասնակցությամբ առաջին կինոնկարն է եղել։ Այն նկարահանվել է 1983 թ-ին, երբ Ուոքերը 10 տարեկան էր։

Դերասանին մինչ օրս հիշում են՝ դիտելով նրա ֆիլմերը՝ «Ֆորսաժ», «Բարի գալուստ դրախտ», «Ժամանակի թակարդում», «Ամերիկյան պատմություն» և այլն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փոլ Ուոքերի հայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Եթե մի օր արագությունն ինձ սպանի, լաց չլինեք, որովհետեւ ես այդ պահին հաստատ ժպտում էի»:

«Իմ կարծիքով՝ եթե մարդ չի սիրում զվարճանալ, ուրեմն ընդհանրապես չպետք է փորձի դա անել»:

«Ես այն մարդկանցից եմ, որոնք կարծում են, որ ինչ-ինչ բաներ պատահում են ճիշտ ժամանակին»:

«Ես կարողանում եմ երբեմն շատ սառը լինել, սառը դատել, ու այդ ժամանակ ամեն ինչ իր տեղն է ընկնում»:

«Ես խելագարվում եմ ավտոմեքենաների համար: Մի մեծ ավտոտնակ ունեմ՝ լի մեքենաներով»:

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կա կյանքում: Պետք է լսել սրտին: Երբ դու լսում ես նրան, կապ չունի, թե ինչ հարցում, դու միշտ հաղթում ես»:

«Ֆուտբոլն իմ սպորտաձեւն էր... ես շատ արագ էի, ազատ պաշտպան էի»:

«Եթե երկար ժամանակ անցկացնեք մեզ՝ տղամարդկանց հետ, կհասկանաք, որ մենք դեռ փոքրիկ տղաներ ենք»:

«Ես մի տեղ կարդացել եմ, որ եթե դու հավատում ես բարուն, ուրեմն պետք է հավատաս նաեւ չարին: Ես իմ սրտով եմ չափում ամեն ինչ»:

«Ես ոչնչից չեմ վախենում. այդպիսին եմ ես»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE