«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան ու աստղային հյուրերը (ֆոտո/վիդեո)

12:08   15 սեպտեմբերի, 2018

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում հանդես են եկել Սամվել Թոփալյանը, Անի Ղազարյանն ու Արծրուն Չոբանյանը:

Ֆիլմը ռեժիսորի առաջին աշխատանքն է կատակերգություն ժանրում, թեեւ ինչպես ինքը՝ ռեժիսորն է նշում, այն մի քանի ժանրերի խառնուրդ է: Այստեղ ֆիլմասերը կբախվի, ինչպես հումորի, այնպես էլ դրամայի հետ:

Ֆիլմի գլխավոր հերոսը փաստաբան է, որը հանուն իր հաղթանակի պատրաստ է անել ամեն ինչ: Սակայն նրա կյանքում ճակատագրական է լինում հաշմանդամություն ունեցող Մերիի հետ ծանոթությունը, որը ստիպում է հերոսին վերանայել իր արժեհամակարգը: Յուրահատուկ մարդկային հարաբերություններ ներկայացնող այս ֆիլմի գլխավոր խորհրդանիշը Լյուդվիգ անունով ոզնին է, որը ճակատագրական է լինում ֆիլմի գլխավոր հերոսի կյանքում:

Մհեր Մկրտչյանի խոսքով՝ «փշոտ» հերոսի անվան ընտրությունը որեւէ հատուկ նախապատմություն չունի. «Կարող էր լինել անգամ Հրաչ, կամ այլ անուն»,-ասում է նա:

Ինչպես ռեժիսորը, այնպես էլ մենք՝ ֆիլմի հիմնական սցենարը չենք բացահայտի, որպեսզի այն ավելի հետաքրքիր լինի այն դիտել պատրաստվողների համար: Միայն հավելենք, որ ֆիլմում բացի վերը նշված դերասաններից՝ կտեսնեք նաեւ Ժան Նշանյանին, Գեորգի Հովակիմյանին, Մարինա Մնացականյանին, Գուրգեն Սարգսյանին, Քրիստինա Հովակիմյանին, Արփինե Իսրայելյանին, Էլեն Սարգսյանին եւ այլ սիրված դեմքերի: Ֆիլմի երաժշտությունը գործիքավորել են Կարենն ու Սեւակը, իսկ սաունդթրեքի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Սոնա Ռուբենյանը:

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերային, բացի հիմնական դերասանական կազմից,  ներկա էին նաեւ հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնիներ, որոնց ֆիքսել է NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE