«Նարնջագույնը՝ սեզոնի հիթ». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

18:01   16 սեպտեմբերի, 2018

Ի՞նչ գիտենք մենք բանտային կյանքի մասին: Որոշակի տեղեկատվություն մենք ստանում ենք ծանոթների, վավերագրական ֆիլմերի միջոցով, սակայն դրանք սովորաբար վերաբերվում են տղամարդկանց բանտերին: Հետաքրքիր կլիներ նաեւ տեսնել, թե ինչպիսին է կանանց կյանքը բանտում:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությունն է հրավիրում «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» (Orange Is the New Black) սերիալի վրա: Այն ցուցադրում է Netflix –ը 2013 թվականի հուլիսի 11-ից: Ի դեպ, Netflix-ի սերիալները վտանգավոր են. դրանք ունակ են կախվածության մեջ գցել դիտողին:



Սերիալը պատմում է Պայպեր Չեպմենի մասին, որը հայտնվել է բանտում նախկին ընկերուհուն թմրանյութերի տեղափոխության հարցում օգնելու պատճառով: Դիտողը Պայպերի հետ վերապրում է ճաղերից այն կողմ կյանքի դժվարությունները, սեփական մաշկի վրա զգում է ծայրահեղությունները, որոնք ստիպված է լինում իրագործել քաղաքակիրթ շիկահերը:

Սերիալը տրագիկոմեդիայի ժանրին է պատկանում ու հրաշալի պահպանում է հավասարակշռությունը: Զվարճալի դրվագներին հաճախ հաջորդում են պահեր, երբ պետք է երկար մտածել ու մարսել այն բարոյական հաղորդագրությունը, որը պարունակում է այդ մասը:



Սերիալի յուրաքանչյուր մասին զուգահեռ զարգանում է նաեւ Պայպերի կերպարը: Փխրուն ու անօգնական աղջկանից նա վերածվում է իսկակակն լիդերի ու ուժեղ անհատականության: Ինչպես ժողովրդական իմաստություն է նշում, մենք չենք այդպիսին, կյանքն է այդպիսին:

Միայն Պայպերի կերպարի վրա հենվելով սերիալը երկար չեր գոյատեւի, ուստի սերիալում կան նաեւ այլ կերպարներ, որոնք իրենց կոլորիտով ու յուրահատկությամբ չեն զիջում Պայպերին: Բանալու դեր են կատարում բանտապահները, ովքեր լիովին այլ տեսանկյունից են բացահայտում կերպարների ներաշխարհը:

Սերիալը յուրահատուկ է նրանով, որ այստեղ չես տեսնի սեւերի ու սպիտակների, չարի ու բարու. ամենը միախառնված է ու գոյատեւում է կողք կողքի: Ոչինչ թերագնահատված կամ չափազանցեցված չէ: Գլխավոր գաղափարն այն է, որ մարդը, ում դեմ են տվել պատին, ստիպված է լինում անցնել մի քանի էտապների միջով: Սկզբում նա հրաժարվում է ընդունել իրականությունը, հետո վախենում է. Իսկ վերջում ադապտացվում է ամենին: Այս գաղափարը հրաշալի կրում է Պայպերը:



Սերիալը բարձր է գնահատվել ու արժանացել է «Էմմի» մրցանակին, որը, կարելի է ասել, սերիալային Օսկարն է: Ի դեպ, սերիալը հիմնված է իրական փաստերի վրա ու Պայպեր Կերմանի ինքնակենսագրական գրքի էկրանավորումն է:

Այժմ կա 6 եթերաշրջան, իսկ յոթերորդը սպասվում է 2019 թվականին:

Հ.Գ. Մարդը հնարավոր ամենին ընտելացող արարած է, ու ես կարծում եմ, որ սա նրա լավագույն բնորոշիչն է: «Записки из мертвого дома» - Ֆ.Մ. Դոստոեվսկի:

Մաղթում ենք հաճելի դիտում:





                                                                                   Պատրաստեց Նորայր Նազարյանը

 



© NEWS.am STYLE