Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմի պրեմիերան Երեւանում

13:15   20 սեպտեմբերի, 2018

Մի ազգի դժբախտությունը կարող է միավորել աշխարհին, քանզի չկա ավելի թանկ բան, քան մարդկային կյանքն է. այս գաղափարախոսությունն է ընկած ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմի հիմքում, որի հայաստանյան պրեմիերան կայացավ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմը նվիրված է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: Սցենարի հիմքում մի տղամարդու պատմություն է, որը ժամանակին, թողնելով կնոջն ու փոքրիկ աղջկան, հեռացել էր Հայաստանից: Երբ տեղի է ունենում Սպիտակի սարսափելի աղետը՝ Գոռը որոշում է վերադառնալ հայրենիք եւ հուսահատորեն փորձում փնտրել կնոջը, աղջկան ու ծնողներին:

«Շատ հուզիչ պահ է, որովհետեւ անկեղծ ասած՝ ես միշտ մտածել եմ այն օրվա մասին, թե երբ ենք մեր ֆիլմը ցուցադրելու Հայաստանում եւ ահա՝ օրը մոտեցավ: Արդեն 3 տարի է անցել այն օրվանից, ինչ ստացել եմ այս ֆիլմի սցենարը: Նկարահանումները մի քանի փուլի են բաժանվել՝ տարբեր օրեր տարբեր տեղեր ենք նկարահանել՝ Մոսկվայում, Երեւանում, Աշտարակում, Դիլիջանում, Վարդաշենում: Ամբողջ ֆիլմը դեկորացիաների վրա է հիմնված: Նկարահանումները տեւել են մետ 30 օր: Շատ նյութեր ու լուսանկարներ ենք նայել եւ փորձել իրագործել այնպես, ինչպես դա եղել է»,-լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը:

Սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայայի խոսքով՝ այս պատմությունը գրելիս անդրադարձել է իրական հերոսների պատմության: Ֆիլմում այդ հերոսներին մարմնավորում են Լեռնիկ Հարությունյանն ու Հերմինե Ստեփանյանը: Այնտեղ նկարահանվել են նաեւ Ալեքսանդրա Պոլիտիկը, Օլեգ Վասիլկովը, Ժոզեֆին Ժապին, Օլիվիե Պաժեսը, Սաթենիկ Հազարյանը, Մարտուն Ղեւոնդյանը, Արթուր Մանուկյանը, Ալեքսանդր Կուզնեցովը, Կոնստանտին Պոյարկին, Դմիտրի Մուլյարը, Աննա Ցուկանովա-Կոտտը, Եկատերինա Ֆուդուլովան եւ այլք: Ֆիլմի կոմպոզիտորը Սերժ Թանկյանն է:

2018 թ-ին մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE