«Մարդիկ ասում են, թե ես եմ նրան սպանել». Էնթոնի Բուրդեյնի ընկերուհին՝ սիրելիի մահվան մեջ իրեն մեղադրելու մասին

16:20   25 սեպտեմբերի, 2018

Հայտնի շեֆ խոհարար եւ հաղորդավար Էնթոնի Բուրդեյնի ընկերուհին՝ 43-ամյա Ասյա Արգենտոն, առաջին անգամ խոսել է սիրելիի մահվան մեջ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին: DailyMailTV-ի հետ զրույցում ռեժիսոր եւ դերասանուհի Արգենտոն պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել այն բանից հետո, երբ իմացել է Էնթոնիի ինքնասպանության մասին, եւ թե ինչ մեղադրանքներ են հնչել իր հասցեին սոցիալական կայքերում:

«Մարդիկ ասում են, թե ես եմ նրան սպանել, թե ես եմ նրա մահվան պատճառը: Ես հասկանում եմ, որ աշխարհը փորձում է հասկանալ նրա մահվան պատճառը, ես ինքս էլ կցանկանայի հասկանալ, թե ինչու, բայց չե կարողանում գտնել պատճառը»:

Արգենտոյին սկսեցին մեղադրել Բուրդեյնի ինքնասպանության մեջ այն պատճառով, որ կնոջը սիրելիի մահվանից 3 օր առաջ տեսել էին այլ տղամարդու ուղեկցությամբ, իսկ նրա մահվանից օրեր անց Արգենտոն կրկին հայտնվել էր X Factor նախագծի ժյուրիի աթոռին: Մինչդեռ կինը պնդում է՝ Էնթոնիի մահից հետո նա երկու տարբերակ ուներ ցավի դեմ պայքարելու՝ կամ անցնել աշխատանքի, կամ այլեւս երբեք չարթնանալ:

«Այն պահին, երբ ես բեմում էի, լսում էի երաժշտություն, այն արտիստներին, որոնք իրենց երազանքն էին ներկայացնում բեմից, եւ մոռանում էի իմ կոտրված սրտի մասին: Դա իրոք օգնում էր ինձ»:

Ինչ վերաբերում է իր դավաճանությանն ու Էնթոնիի երկրպագուների մեղադրանքներին՝ Արգենտոն նշում է.

«Այո, ես նրան դավաճանել եմ, բայց նա էլ ինձ էր դավաճանում: Մի՞թե մարդիկ, իսկապես, կարծում են, թե դա է դարձել նրա ինքնասպանության պատճառը: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել այդ պատճառով»:

Դերասանուհի-ռեժիսորը նաեւ հավելել է, որ իրեն միայն մեղավոր է զգում այն բանի համար, որ չի կարողացել հասկանալ, թե ինչն է եղել Էնթոնիի վատ հոգեվիճակի պատճառը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Simon Ashton, Asia Argento/Instagram, BackGrid



© NEWS.am STYLE