Բեթթին՝ ԱՄՆ-ում սովորելու, «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի ժյուրիի կազմում լինելու եւ առաջիկա ծրագրերի մասին (ֆոտո)

13:25   26 սեպտեմբերի, 2018

2014 թ-ին արեւային գեղեցկություն ունեցող այս աղջնակը Հայաստանը ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ կատարելով իր պես արեւոտ՝ People of The Sun երգը: Այժմ Բեթթին բնակվում եւ սովորում է ԱՄՆ-ում, իսկ բոլորովին վերջերս մասնակից դարձավ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծին, սակայն այս անգամ՝ որպես մանկական ժյուրիի անդամ:

NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է ներկայիս զբաղվածության, «Մանկական Եվրատեսիլի» եւ առաջիկա նորությունների մասին:

Բեթթի, կար ժամանակ, երբ դու շատ ակտիվ էիր. երգեր երգերի հետևից, տեսահոլովակներ, մրցույթներ, հեռուստահաղորդաշարեր: Ինչո՞վ է պայմանավորված այս շրջանի լռությունդ:

Իրականում ոչ մի լռություն չկա, չի էլ լինելու: Ես հիմա նույնպես շատ աշխատանքներ եմ անում, ուղղակի հիմա հայրենիքիցս հեռու եմ, սակայն համոզված եմ, որ մոտ ապագայում ծաղկունք ապրող իմ Հայաստանին ես հարկավոր եմ լինելու իմ կրթությամբ և գործունեության փորձի հմտություններով, որոնք այժմ ձեռք եմ բերում աշխարհի ամենահզոր երկրներից մեկում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Ինչո՞վ ես զբաղվում ԱՄՆ-ում:

Շարունակում եմ բնակվել այստեղ, քանի որ ունեմ պայմանագիր ամերիկյան մեդիա ոլորտի գործակալության հետ, աշխատում եմ նրանց հետ, սովորում եմ հեղինակավոր կրթօջախներում: Ի դեպ, շնորհակալ եմ իմ ուսուցիչներին այն ամուր գիտելիքների համար, որոնք ես ստացել եմ Հայաստանում և շնորհիվ այդ գիտելիքների ես այստեղ ուրախանում եմ իմ բազում հաղթանակներով: Սովորում եմ նաև երաժշտական դպրոցում և, իհարկե, շատ մեծ աշխատանքներ եմ տանում 2016 թվականին իմ ստեղծած և արդեն շոշափելի դարձած New Generation նախագծի համար, որը շարունակական, զարգացման շարժառիթ առաջացնող ծրագիր է մեր նոր սերնդի համար։

Այս ընթացքում Հայաստան եկե՞լ ես: Կամ գալու ցանկություն ունե՞ս:

Ցանկություն ունեմ, ուղակի ըստ պայմանագրի կանոնների՝ երկար ժամանակով երկրից բացակայել չեմ կարող, նաև զբաղվածության պաճառով այժմ պետք է շատ գրագետ բաշխեմ ազատ ժամանակս, որն, իհարկե, չունեմ (ծիծաղում է): Անգամ այս տարի արձակուրդ չվերցրեցի, բայց ուրախ եմ, որ ժամանակ գտա վերջապես չինարեն  սովորելու համար: Շուտով բացարձակ կտիրապետեմ հինգ լեզվի:

Վերջերս եղար «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի ժյուրիի անդամ: Ի՞նչ սկզբունքով էիր գնահատում մասնակիցներին:

Օբյեկտիվ սկզբունքով: Ուշադրություն եմ դարձրել արտիստի կերպարի և երգի վրա։

Ի՞նչ կասես հաղթողի՝ L.E.V.O.N-ի մասին:

Պետք է ասեմ, որ հաղթողը հենց այն մասնակիցն էր, ով իմ հաղթողների ցուցակի առաջին տեղում էր։

Որպես արդեն «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակից՝ ի՞նչ խորհուրդ կտաս մեր այս տարվա մասնակցին:

Հետևի՛ր առողջությանդ, արա՛ շատ ֆոտոներ ու վիդեոներ, վայելի՛ր այդ ժամանակը և վերադարձի՛ր մեր Հայաստանի համար մրցանակով: Հիշի՛ր, որ մենք քեզ հավատում ենք և, իհարկե, քեզ հետ ենք։

Անդրադառնանք քո նորություններին. առաջիկայում սպասվո՞ւմ է քո կողմից նոր երգ, տեսահոլովակ:

Սպասվում է դրական ամեն ինչ: Իհարկե, նաև երգեր, իսկ ամենակարևորը՝ ուզում եմ արդեն կատարել ձեզ և կարծում եմ գրեթե բոլորին հայտնի իմ հեղինակային New Generation նախագծի հաջորդ մեծամասշտաբ քայլը, որի արձագանքները մինչ օրս առաջացրել են շատ ուրախանալու առիթներ նոր սերնդի ներկայացուցիչների համար։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE