«Երեւանյան գունազարդ վազք 2018»-ին առաջին անգամ կմասնակցեն նաեւ ֆիզիկական եւ մտավոր սահմանափակ կարողություններով անձիք

15:22   27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 30-ը Երեւանում գունավոր է լինելու: Այդ օրը մեր քաղաքում արդեն 4-րդ տարին կանցկացվի «Երեւանյան գունազարդ վազք»-ը: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ միջոցառման կազմակերպիչները՝  Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանը, «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորի ուսանողական հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանն ու «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափի համահիմնադիր, գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը, խոսեցին այս տարվա վազքի առանձնահատկությունների եւ նորամուծությունների մասին:

Միջոցառումն այս տարի յուրահատուկ կլինի նրանով, որ առաջին անգամ գունազարդ վազքին կմասնակցեն ֆիզիկական եւ մտավոր սահմանափակ կարողություններով անձիք:

«Մեր գունազարդ վազքն արդեն ունի 4 տարվա պատմություն: Երբ 2015 թ-ին ձեռնամուխ եղանք այս միջոցառմանը, մեր նպատակն էր զարգացնել Հայաստանում մասսայական սպորտն ու սպորտային տուրիզմը, դրանից բացի՝ զբաղվել բարեգործությամբ: Միջոցառումը կարող ենք կայացած համարել, քանի որ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Այս տարվա գունազարդ վազքը նվիրված է Երեւանի ծննդյան 2800-ամյակին, ինչի կապակցությամբ մի շարք նորամուծություններ կլինեն: Առաջին անգամ վազքին կմասնակցեն նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձիք եւ ես շատ ուրախ եմ, որ նման ցանկություն է եղել նրանց մոտ»,-նշեց Ղազար Հակոբյանը:

Այս տարվա վազքը կմեկնարկի ժամը 09:00-ին՝ Շահումյանի հրապարակից: Վազքին կնախորդի նախավարժանք: Կլինի նաեւ համերգային ծրագիր՝ հայտնի դիջեյների մասնակցությամբ: Վազքին կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր անձիք: 2800 մ երկարություն ունեցող վազքուղու ընթացքում 4 գունազարդ կետերում մասնակիցների վրա կլցվեն գունավոր փոշեներկեր, որոնք կազմակերպիչների  խոսքով՝ բացարձակ անվնաս են, այնուամենայնիվ, խրախուսվում է վազքի ընթացքում կրել ակնոցներ: Մասնակիցների առավելագույն քանակն է 1500 մարդ, իսկ մասնակցության արժեքը՝ 4000, 5000 եւ 6000 ՀՀ դրամ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE