Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ գերմանաբնակ բլոգեր Մերի Սարիկյանի «Մայրիկի օրագիրը» գրքի փակ բրանչին (ֆոտո)

16:15   27 սեպտեմբերի, 2018

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին,  երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում կայացավ գերմանաբնակ հայ բլոգեր Մերի Սարիկյանի «Մայրիկի օրագիրը» գրքի փակ  բրանչը, որին ներկա էին հայկական շոու-բիզնեսի հայտնի կանանցից շատերը՝ Իրինա Թովմասյանը, Լիա Զախարյանը, Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները, Արփինե Կոշտոյանը, Գոհար Հարությունյանը, Մերի Մարտիրոսյանը, Ձյունիկը, DJ Վակցինան, Լիլիթ Մուրադյանը,Նելլին եւ այլք:

Հանդիպման ընթացքում Emily&Mommy հայտնի բլոգի հեղինակ Մերին ու գրքի շուրջ աշխատած մյուս մասնագետները ներկայացրին դրա բովանդակությունն ու թեմաները:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մերին նշեց.

«Անկեղծ ասած՝ շատ հուզված եմ, քանի որ այս գրքում բացի մեծ եռանդից ու ջանքերից՝ ես դրել եմ նաեւ իմ երջանկությունը: Այստեղ ամփոփոված են անկեղծ պատմություններ: Հուսով եմ՝ այս երջանկությունը վարակիչ կլինի եւ կտարածվի այն բոլոր մարդանց տներում եւ հոգիներում, ովքեր կգնեն եւ կընթերցեն այս գիրքը: Կարելի է ասել՝ սա իմ երազանքի իրականացումն է, քանի որ վաղուց եմ ցանկացել գիրք հրատարակել, առավել եւս երջանիկ եմ, որ հենց այսպիսի պիտանի գիրք կարողացա ներկայացնել»:

Հայտնի մայրիկն իր գրքում անդրադարձել է  հղիությանը, ծննդաբերությանը, ընտանեկան հարաբերություններին, հետծննդաբերական փուլին ու երեխայի խնամքին վերաբերող հարցերին։

Մերիի հետ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Էվաջյանը, մանկաբույժ Արեւիկ Մոսինյանը, յոգայի մարզիչ Լենա Դավթյանը, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը եւ Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ունիվերսիտետ-կլինիկումում աշխատող հայ մանկաբարձուհի Երմոնյա (Ռիմկենե) Սարգսյանը, որի շնորհիվ գրքում անդրադարձ կա նաեւ միջազգային փորձին: 

«Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 29-ին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE