Ջուսը՝ նոր տեսահոլովակի եւ իր նրբագեղ կերպարանափոխության մասին

18:17   28 սեպտեմբերի, 2018

Երեկ երգչուհի Ջուսը երաժշտասերների դատին հանձնեց իր նոր՝ «Երեւան» տեսահոլովակը, որը նվիրված է մեր մայրաքաղաքի 2800-ամյակին: Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է նորովի՝ հայերեն լեզվով երգով եւ ավելի նուրբ ու կանացի կերպարով: NEWS.am STYLE-ը Ջուսի հետ զրուցել է հայալեզու իր նոր ստեղծագործության եւ կերպարային փոփոխության մասին:

«Միշտ ցանկացել եմ ունենալ Երեւանի մասին մի հետաքրքիր երգ, այն էլ, որ լինի ուղեկցված դհոլներով: Այս տարի երազանքս կատարվեց շնորհիվ տաղանդավոր երգահան Աղասի Գեւորգյանի: Սա իմ նվերն է Երեւանի 2800-ամյակին»,-զրույցի սկզբում նշեց երգչուհին:

Տեսահոլովակի նկարահանման եւ պատրաստման ամբողջ պրոցեսը տեւել է մոտ 5 ամիս: Երգի գործիքավորումը կատարել են Գագիկ Վարդանյանն ու Հովո Հակոբյանը, ռեժիսորն Արայիկ Համբարձումյանն է, իսկ օպերատորը՝ Արթուր Մելքոնյանը: Տեսահոլովակի յուրահատկություններից մեկը Ջուսի նրբագեղ կերպարն է.

«Կերպարիս վրա աշխատել են ոճաբան-վարսահարդար Սերժ Հարությունյանը, դիմահարդար Մերի Հարությունյանը, իսկ 1950-ական թ-երի ոճի մեջ կարված ծաղկանախշ զգեստիս վրա աշխատել է Լուսինե Մելիքյանը: Նրանք ինձ այս տեսահոլովակում նորովի ներկայացրին, ինչի համար շատ ուրախ եմ: Ես սիրում եմ փոփոխվել եւ յուրաքանչյուր նոր աշխատանքիս մեջ նորովի ներկայանալ»,-ասում է երգչուհին՝ վերհիշելով նաեւ նկարահանման ընթացքում գրանցված հետաքրքիր դեպքերից մեկը.

«Ծիծաղելի դեպք գրանցվեց, երբ ես եւ դհոլահար Հովո Հակոբյանը մեր ձեռքերում պետք է պահեինք եռագույն ծուխը, եւ հենց նկարահանման ազդանշանը եղավ, վառեցինք այն՝ մտածելով, որ մեծ ծուխ պետք  դուրս գա, սակայն եղավ հակառակը՝ շատ քիչ ծուխ, որը տեւեց ընդամենը 2 վայրկյան: Շատ ծիծաղելի էր, երբ կադրում տեսանք մեր զարմացած դեմքերը:)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ջուսի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE