Գերմանաբնակ հայտնի բլոգեր Մերի Սարիկյանի «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

10:31   30 սեպտեմբերի, 2018

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, գերմանաբնակ հայտնի բլոգեր Մերի Սարիկյանը, որն Instagram-ում առավել հայտնի է Emily and Mommy էջի շնորհիվ, իրականացրեց իր կյանքի կարեւորագույն երազանքներից մեկը՝ ներկայացնելով իր առաջին հեղինակային գիրքը: «Մայրիկի օրագիրը» գրքում Մերին, խորհրդակցելով մի շարք մասնագետների հետ, անդրադարձել է կնոջ կյանքի ամենադրական, բայց միեւնույն ժամանակ դժվարություններով լի շրջանին՝ հղիությանը եւ հետծբննդաբերական խնդիրներին:

«Միշտ ցանկացել եմ հեղինակային գիրք ունենալ, այն էլ այսքան պիտանի: Հաճախ մեր երազանքներն իրականություն են դառնում, երբ մենք չենք զգում դա: Պարզապես, ցանկանում եմ պահն օգտագործել ու շնորհակալություն հայտնել Աստծուն՝ երազանքիս իրականացման համար: Իմ ներշնչման աղբյուրն, իհարկե, եղել է իմ կյանքի առանցքը, իմ երջանկությունը՝ իմ Էմիլին»,-նշեց բլոգերը՝ շնորհակալություն հայտնելով, ինչպես գրքի շուրջ աշխատած մյուս մասնագետներին, այնպես էլ ամուսնուն՝ անմնացորդ աջակցության համար:

Ի դեպ, Մերիի հետ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Էվաջյանը, մանկաբույժ Արեւիկ Մոսինյանը, յոգայի մարզիչ Լենա Դավթյանը, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը եւ Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ունիվերսիտետ-կլինիկումում աշխատող հայ մանկաբարձուհի Երմոնյա (Ռիմկենե) Սարգսյանը, որի շնորհիվ գրքում անդրադարձ կա նաեւ միջազգային փորձին: 

«Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսն անցավ բազմամարդ՝ Երեւանի սրճարաններից մեկում: Միջոցառմանը ներկա էին նաեւ շոու-բիզնեսից հայտնի դեմքեր՝ Արփինե Կոշտոյանը, Արեւիկ Ալավերդյանը, Մարին, Մաշա Մնջոյանը, Մերի Մարտիրոսյանը, Անահիտ Սիմոնյանը, Սոֆյա Ղուլյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE