«Վիկինգները». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

20:30   30 սեպտեմբերի, 2018

2013 թվականին սերիալասեր հասարակությունն արդեն տարված էր «Գահերի խաղը» սերիալով, ու դժվար էր պատկերացնել մի սերիալ, որը կարող էր գահընկեց անել առաջատարին: Սակայն հենց նույն թվականին էկրան բարձրացավ «Վիկինգները» կանադա-իռլանդական սերիալը, որին հաջողվեց մրցակցություն ստեղծել:

Սերիալի ցուցադրությունը մեկնարկեց մարտի 3-ին History ալիքով: Շոուի հեղինակը Մայքլ Հյորսթն է, որն արդեն իր ներդրումն էր ունեցել պատմական սերիալների ստեղծման գործում՝ ծնունդ տալով «Տյուդորներին» եւ «Բորջիաներ» սերիալներին: Սերիալի գործողությունները ծավալվում են Սկանդինավիայում 8-րդ դարի վերջին, եւ պատմում եմ սկանդինավյան հերոս Ռագնար Լոդբրոքի լեգենդար պատմության մասին:

Պատմաբանները քիչ պատմական փաստարկներ ունեն այս հերոսի մասին, ինչը միանշանակ օգնել է սերիալի ստեղծագործական կազմին կերտել պատմություն՝ սեփական տեսանկյունից:

Ինչո՞վ է այս սերիալը արժանի ձեր ուշադրությանը. Սկսենք նրանից, որ պատմությունը վիկինգերի մասին է, իսկ նրանք հազվադեպ են հայտնվում էկրաններին:

Սերիալի ողջ մթնոլորտը, հիասքանչ բնապատկերները, հերոսների կերպարները, սցենարն ու ռեժիսորական աշխատանքը պարզապես թույլ չեն տա ձանձրանալ: Յուրաքանչյուր սերիային սահուն կերպով կհաջորդի մյուսը, եւ դուք նույնիսկ չեք էլ նկատի՝ ինչպես կուշանաք աշխատանքից կամ ձեր մյուս գործերից:



Սերիալը զարդը անկասկած գլխավոր հերոսն է, որին հիանալի կերպով մարմնավորել է Թրեւիս Ֆիմմելը: Նրա խաղն այնքան տպավորիչ է, որ եթե նա անգամ անշարժ մի քանի րոպե կանգնի, ձեր հայացքը կշարունակի նրա վրա գամված մնալ. Անգամ նրա լռության մեջ կա ինչ-որ ձգող ուժ:



Սերիալը հարուստ է մարտի տեսարաններով, ինչն անշուշտ դուր կգա ակտիվ գործողությունների սիրահար կինոդիտողին:

Սիրու՞մ եք դրամա. Դրա պակասը եւս չի նկատվում:

Սիրու՞մ եք պալատական ինտրիգներ: Եղած իշխանությունը պետք է ամեն գնով պահպանել, իսկ երանելին՝ անխնա նվաճել:

Բազմակողմանի թեմատիկայով այս պատմությունը, գրավչությամբ փայլող դերասանական կազմը մագնիսի պես դեպի իրեն է ձգում հեռուստադիտողին: Ինչպե՞ս կարելի է չսիրահարվել Քեթրին Ուինիքին՝ Լագերտայի դերում, որը վիկինգների հավասարության ու սառնասրտության մարմնացումն է: Իսկ Գուստավ Սկարսգարդը՝ Ֆլոկի դերում ցույց է տալիս, թե որքան ցնորված ու միաժամանակ հանճարեղ կարող է լինել մարդը:



Սերիալի այցեքարտը սառնասրտությունն է: Այո, հարգելի ընթերցող, այդ բառի նշանակությունն այս սերիալի շրջանակում դուք կբացահայտեք դիտելով այն: Ինչպիսին էլ որ լինի հերոսը այս սերիալում, ինչ առանձնահատուկ բնավորության գծեր էլ ունենա, մեկ բան ընդհանուր է՝ սառնասրտությունը. Էական չէ, կի՞ն է հերոսը, երեխա՞, թե՞ տղամարդ:

Մաղթում ենք հաճելի դիտում:


                                                                              Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE