Ճանապարհորդի գրառումները. Զալցբուրգ

23:01   31 մայիսի, 2013

Գորշ առօրյայից ցրվելու եւ ինքդ քեզ փոքր-ինչ երես տալու ամենալավ միջոցն իրավիճակի փոփոխությունն է: Հավանաբար, հենց նման մտքերն են մեզ տանջում արձակուրդից առաջ: Եվ մինչ ես մտորում էի՝ ուր ուղեւորվել, ընկերուհիս ինձ հրավիրեց Գերմանիայում ապրող իր ազգականներին հյուր: Ընտանեկան հանգիստը հիասքանչ էր, բայց NEWS.am STYLE-ի ընթերցողներին կցանկանայի պատմել կարճատեւ արձակուրդի ամենամեծ տպավորության մասին: Ավստրիա՝ ճանաչված կոմպոզիտոր Մոցարտի հայրենի Զալցբուրգ երկօրյա ուղեւորության մասին:

Պետք է ասեմ, որ հանգստանում էինք Մյունխենում, որտեղից շատ հարմար է Ավստրիա հասնել: Այդ պատճառով այն ընթերցողներին, ովքեր հետաքրքրված են Ավստրիա ուղեւորությամբ, բայց Գերմանիայում բարեկամներ կամ ծանոթներ չունեն, ես, ամեն դեպքում, խորհուրդ կտայի գնալ Մյունխեն, քանի որ այնտեղից մինչեւ Զալցբուրգ կարելի է հասնել ընդամենը 2 ժամում: Համեմատության համար նշեմ, որ Վիեննայից ճանապարհի տեւողությունը երկու անգամ ավելի է:

Մենք Գերմանիա եկանք ընկերուհուս հարազատների մասնավոր հրավերով: Ընդ որում, այդ բարի մարդiկ կտրականապես հրաժարվեցին գումար վերցնել ուղարկված փաստաթղթերի համար, այդ թվում՝ ինձանից, այնպես որ, ցավոք, սիրելի ընթերցողներ, Գերմանիայից հրավերի գումարի արժեքն ինձ համար գաղտնի մնաց: Գերմանիա մուտքի արտոնագիր ստանալու հարցում խնդիր, անձամբ ես, չունեցա, բայց սա արտերկիր իմ առաջին այցը չէ եւ, գուցե, դա նույնպես դեր խաղաց: Գերմանիան Շենգենյան համաձայնագրի գոտու երկիր է, այդ պատճառով, երբ արդեն տեղում որոշեցինք Ավստրիա մեկնել, մուտքի արտոնագիր հարկավոր չէր: Ավելին, երկու երկրների սահմանը հատելիս ոչ մի անձնագրային ստուգում չկար, մեզ ոչ ոք ոչինչ չհարցրեց:

Ավելի ուշ ընկերուհուս բարեկամները բացատրեցին, որ եթե ցանկանայինք Գերմանիայից Ֆրանսիա կամ Իտալիա մեկնել, սահմանը հատելիս մեր անձնագրերում կնիք կդնեին: Հարեւան Ավստրիան, որտեղ նույն լեզվով են խոսում, նման բան չի անում:

Եվ այսպես՝ որոշված է: Ինձ եւ ընկերուհուս պարզապես անհրաժեշտ է այցելել Զալցբուրգ: Համացանցով գտանք եւ տպեցինք քաղաքի քարտեզը, որը, ինչպես պարզվեց, կարելի է գնել կայարանից: Քարտեզով կողմնորոշվելը շատ հարմար է, իսկ եթե, այնուամենայնիվ, մոլորվեք, խնդիր չէ. քաղաքի բարեհամբույր բնակիչները կօգնեն ձեզ կողմնորոշվել եւ ցույց կտան հետագա ճանապարհը: Ի դեպ, գերմաներենի չիմացությունը խոչընդոտ չէ: Ես տեղաբնակների հետ բացատրվում էի իմ կոտրված անգլերենով, իսկ երբ խոսքերը չէին բավականացնում, անցնում էի ժեստերի լեզվին եւ ոչ մի խնդիր չէր առաջանում: Զբոսաշրջիկներին հանդեպ վերաբերմունքը խիստ բարյացակամ է:

Մինչեւ Զալցբուրգ որոշեցինք գնացքով գնալ, այսպես կոչված «Բավարական տոմսով»: Անչափ շնորհակալ ենք մեր գերմանացի բարեգործներին, ովքեր մեզ նման միտք տվեցին: Այդ հրաշալի ճանապարհորդական փաստաթուղթը մեզ հնարավորություն տվեց շրջել ամբողջ Բավարիայով եւ հասնել մինչեւ Զալցբուրգ, ուր եւ ուղեւորվում էինք:

Մենք տոմս գնելու ավտոմատ-սարք գտանք, եւ, շատ հնարավոր է, չկարողանայինք կողմնորոշվել, բայց յուրաքանչյուր սարքի կողքին, հատուկ օտարերկրացիների համար, շատ բարեհամբույր աշխատակից կար, ով օգնեց գլուխ հանել այդ հնարամիտ սարքից: Եվ ահա 27 եվրո արժողությամբ «Բավարական տոմսը» մեր գրպաններում էր: Ի դեպ, տոմս կարելի է գնել նաեւ դրամարկղից, սակայն, չգիտես ինչ պատճառով, այնտեղ արժե 29 եվրո:

Հետո մեզ ասացին, որ այդ տոմսով կարելի է ճանապարհորդել հինգ անձ: Միայնակ ճամփորդող բազմաթիվ զբոսարջիկներ այն օգտագործում են նաեւ գերմանական գնացքներում, որտեղ նույնպես այն գործում է: Հաճախ նաեւ խնդրանքով անծանոթներ են մոտենում, ովքեր պատրաստ են վճարել «անցաթղթի» արժեքի կեսը: Մեզ, իհարկե, նման զբոսաշրջիկներ չհանդիպեցին: Այդ տոմսը նաեւ Մյուխենի մի քանի տեսարժան վայրեր այցելելիս զեղչի հնարավորություն է ընձեռում:

Եվ ահա երկու ժամ անց մենք հասանք Զալցբուրգ:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE