«Պետք չէ լաց լինել, նա դա չէր ցանկանա». Պոզները՝ Ազնավուրի մասին

20:25   2 հոկտեմբերի, 2018

Երեկ կյանքից հեռացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, նա 94 տարեկան էր: Նրա մահը ցնցեց շատերին, այդ թվում նաեւ համաշխարհային կինոյի, երգարվեստի ներկայացուցիչներին:

Շառլ Ազնավուրի մասին իր Instagram-ում հրապարակում է կատարել հեռուստահաղորդավար-լրագրող Վլադիմիր Պոզները:

Նա հրապարակել է արխիվային լուսանկար ու տեսանյութեր, իսկ դրանց կից գրել է. «Պետք չէ լաց լինել, նա դա չէր ցանկանա: Նա կյանքն ապրել է դրական լիցքերով, նրան կարելի է հիշել միայն խոր ակնածանքով, ուրախությամբ, ծափերով: Նա չէր տխրում, այդպիսի մարդ չէր: Իհարկե, սարսափելի է, երբ մարդ հեռանում է, բայց մյուս կողմից, երբ մարդը հեռանում է այսքան տարիների նման կյանքից հետո, կարելի է նույնիսկ նախանձել: Ազնավուրն ապրել է երկար, հիասքանչ, հաջողություններով լեցուն կյանք ու սիրել է մինչեւ իր կյանքի վերջին օրը: Ես նրան հիշել ու հիշում եմ երգելու իր ոճով, ձայնով ու այն կրքով, որոն նա երգում էր: Նա 90-ն անց էր ու դեռ շարունաում էր երգել: Պարզից էլ պարզ է, որ դա նրա կյանքի էությունն էր»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր Instagram-ում հրապարակում էր կատարել հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր Էլթոն Ջոնը:

Նա արխիվային լուսանկար էր հրապարակել լեգենդար արտիստի հետ ու մեկնաբանել էր իր հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Ննջիր խաղաղությամբ: Շառլ Ազնավուր. Իրական մեծագույն արտիստ, փայլուն ու գեղեցիկ ձայն: Քեզ հետ երգելն ինձ համար պատիվ էր»:



© NEWS.am STYLE