«Ոչ մի կոնֆլիկտ չի եղել». Բեն Ավետիսյանը՝ «Երեւի»-ում չնկարահանվելու եւ «Էլենի օրագիրը 2»-ում իր կերպարի մասին

11:21   4 հոկտեմբերի, 2018

Դերասան Բեն Ավետիսյանն իր երկրպագուներին արդեն ներկայանում է նոր կերպարով եւ նոր նախագծում: Այսուհետ Բենին կտեսնենք «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում: Իսկ թե ում է մարմնավորում դերասանը, ինչպիսի կերպար է նրա հերոսն ու ինչու այլեւս չի նկարահանվում «Երեւի» հեռուստասերիալում, NEWS.am STYLE-ը պարզել է նրա հետ զրույցի ընթացքում:

Բենի նոր կերպարի անունը Միկա է: Ինչպես դերասանը բնութագրեց՝ Միկան «պրոբլեմատիկ երիտասարդ է»:

«Երկրորդ եթերաշրջանում հեռուստասերիալի հերոսներն արդեն ուսանողներ են, նա եւս համալսարանում սովորող ուսանողներից է, որը կոպիտ ասած՝ տվյալ ուսումնական կենտրոնի «ահ ու վախն է», բոլորի համար խնդիր է դառնում»,-պատմում է Բենը, որը սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսորից. «Այնուհետեւ պրոդյուսերի հետ քննարկել ենք տեխնիկական բոլոր հարցերն ու կերպարային գիծը, եւ այդպես ընդունել եմ նկարահանման առաջարկը, քանի որ, առհասարակ, «Էլենի օրագիր»-ն ինձ համար բարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալ է: Սցենարն ու պատմությունն ինձ շատ հետաքրքրեցին, իսկ ինչ վերաբերում է կերպարիս՝ կարելի է ասել, որ իմ բոլոր խաղացած կերպարներից նա ամենից շատն ունի բացասական կողմեր, ինչն ինձ համար հետաքրքիր է»,-հավելեց նա, սակայն սցենարային մյուս մանրամասները նախընտրեց չբացահայտել:

Մինչ «Երեւի»-ի երկրպագուները փորձում են կռահել՝ արդյոք Աբելի կերպարը կվերադառնա՞ հեռուստասերիալ, մենք այդ հարցի հստակ պատասխանն իմացանք անձամբ սերիալային դերասանից.

««Երեւի»-ում արդեն մեկ ու կես ամիս է, ինչ չեմ նկարահանվում, կերպարային գիծս այնտեղ ավարտվել է: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, պարզապես կային տեխնիկական հարցեր, որոնք հաճախ երկու կողմի համար ձեռնտու չեն լինում: Սակայն ոչ մի խնդիր չկա ու չի եղել, զուտ տեխնիկական հարցեր են»,-պարզաբանեց դերասանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Բեն Ավետիսյանի Instaram-ի եւ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի Facebook-ի էջերից

 



© NEWS.am STYLE