Դիմահարդարման սխալները. տոնային կրեմը սխալ քսելը

23:04   1 հունիսի, 2013

Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսում՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:

Եվ այսպես՝ ամենատարածված սխալը, որ թույլ են տալիս աղջիկները. տոնային կրեմը սխալ քսելը:

«Դեմքի համար տոնային կրեմ ընտրելը բավական դժվար է: Այն օգտագործելու որոշակի փորձ եւ դեմքին քսելու որոշակի հմտություն է անհրաժեշտ: Բացի այդ, պետք է հաշվի առնել մաշկի երանգների սեզոնային փոփոխությունները: Եթե սխալ տոնային միջոց ընտրեք, ձեր դեմքի գույնը կարող է անբնական լինել:

Տոնային կրեմ քսելու ամենից նկատելի սխալները.

• Դեմքի եւ մարմնի այլ մասերի՝ պարանոցի, կրծքի, ականջների միջեւ գունային կտրուկ սահմանը: Հարկավոր է այդ հատվածներում տոնային կրեմը խնամքով հավասարեցնել:

• Տոնային միջոցն անհավասար քսելը: Արդյունքում անհավասար գծեր են ստացվում:

• Տոնային կրեմը չոր դեմքին քսելը: Ցանկացած դիմահարդարում սկսվում է հիմքային միջոց քսելով: Դա կարող է լինել որեւէ հատուկ միջոց կամ ձեր դեմքի սովորական կրեմը: Եթե տոնային կրեմը քսեք նախապես չխոնավեցրած դեմքին, այն անբնական տեսք կունենա:

• Դիմափոշու շատ հաստ շերտը: Եթե այն չարաշահեք, ձեր դեմքն այլուրով պատված բուլկիի տեսք կունենա:

Հարկավոր է մանրակրկիտ ընտրել տոնային կրեմի երանգը: Մի ծուլացեք գնելուց առաջ այն փորձել ցերեկային եւ արհեստական երեկոյան լույսի տակ: Եթե վերադարձել եք արձակուրդից եւ գեղեցիկ արեւահարություն ունեք, մի գործածեք այն տոնային կրեմը, որ օգտագործում եք սովորաբար: Դրա երանգը պետք է առավելագույնս մոտ լինի ձեր մաշկի բնական երանգին: Չէ՞ որ տոնային կրեմ քսելու նպատակը ոչ թե դեմքի գույնը փոխելն է, այլ այն հարթեցնելը: Եթե ձեր դեմքին վառ արտահայտված թերություններ կան, մի փորձեք դրանք թաքցնել տոնային կրեմի օգնությամբ»:



© NEWS.am STYLE