«Չկա տաղանդ, կա գրավչություն». NEWS.am STYLE-ը բացահայտում է Այս Քյուբին

23:30   4 հոկտեմբերի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է բացահայտել կինոաստղերի, ովքեր, մեղմ ասած, չեն փայլում դերասանական վարպետությամբ, բայց փոխարենը գրավչության շնորհիվ հայտնվում են հիանալի ֆիլմերում:

Մեր այսօրվա հյուրը բավականին հայտնի ռեփեր Այս Քյուբն է՝ նույն ինքը Օ Շի Ջեքսոնը: Նա ծնվել է Լոս Անջելեսում 1969 թվականի հունիսի 15-ին: Նա առաջին հերթին որպես ռեփեր է հայտնի, համարվում է գենգստա ռեփի առաջին ներկայացուցիչներից:

1987 թվականին Այդ Քյուբը Dr. Dre-ի հետ ստեղծում է N.W.A խումբը, որը մեծ ներդրում է ունեցել ու նոր սանդղակի վրա է բարձրացրել այսպես ասած փողոցային մշակույթը: Այսը երկար չմնաց խմբում, 90-ականներին նա վիճեց խմբի մենեջերի հետ ու հեռացավ անհատական կարիերա ստեղծելու:

Այսի՝ Հոլիվուդի մատույցներում հայտնվելուն կնախանձեին շատ դերասաններ: 1991 թվականին մեծ էկրան է բարձրանում «Հարեւան տղաները»: Ֆիլմը պատմում էր երեք երիտասարդ աֆրոամերիկացիների մասին, որոնք ապրում են Լոս Անջելեսի ամենակրիմինալ թաղամասերից մեկում: Ֆիլմը բավականին մեծ հաջողություն գրանցեց ոչ միայն ֆինանսական առումով, այլեւ կինոքննադատների ու կինոսերների արձագանքների: Այն նույնիսկ «Օսկարի» երկու նոմինացիայի է արժանացե: Ֆիլմը տեղ է գտել ԱՄՆ ազգային ֆիլմերի հատուկ ցուցակում, որտեղ հայտնվելը հեշտ գործ չէ:



Դրանից հետո Այսը ինչ-որ աղմկահարույց պրոեկտ չի ունեցել: Կարելի է առանձնացնել «Վարսավիրանոց» կոմեդիա—եռագրությունը, ինչպես նաեւ ընտանեկան «Դե՞, հասա՞նք» ֆիլմը: 2005 թվականին թողարկվում է «Երեք իքսո 2. Նոր մակարդակ»-ը, որն առաջին մասի տրամաբանական շարունակությունն էր, որում, ի դեպ, խաղում էր Վին Դիզելը:



Անկեղծ լինենք, ֆիլմը սպասվածից պակաս հաջողված էր, շատերն այն դիտեցին միայն առաջին մասի շարունակությունը լինելու շնորհիվ: Սեմուել Լ. Ջեքսոնի եւ հենց Այսի խարիզմայի շնորհիվ ֆիլմը ստացվեց դիտելի: Անմոռանալի է այն հատվածը, երբ սեւամորթ գանգստերները սլանում էին ԱՄՆ-ի նախագահին փրկելու:

Այս պահին Այսի վերջին հաջողված պրոեկտը «Փողոցի ձայնը» 2015 թվականի կենսագրական ֆիլմն է, որը պատմում է N.W.A խմբի մասին: Ֆիլմում Այսի դերում հենց նրա որդին է, իսկ Այսը հանդես է եկել որպես պրոդյուսեր: Ֆիլմը որակյալ է ու արժի ձեր ուշադրությանը:

Կարելի՞ է արդյոք Այս Քյուբին համարել լավ դերասան:

Չէի ասի, բայց ...

նա մեկն է, ով կյանքի դառնությունն է համտեսել ու ստիպված է եղել ինքն իր համար ճանապարհ բացել դեպի փառք ու ճանաչողություն: Կյանքը նրան կոփել է որպես մարդ, ով հեշտությամբ կարող է հանդես գալ եւ՛ դրամայում, եւ՛ կոմեդիայում, բացառությամբ այն ֆիլմերի, որոնք չեն հիշեցնում նրան իր կյանքի ուղին:


                                                                                 Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE