Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին Հայաստանում ներկայացրել են համաշխարհային պրեմիերա եւ եղել Փարաջանովի թանգարանում

16:45   7 հոկտեմբերի, 2018

Լեգենդար դերասան Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին՝ Վիկտորյա Թիերե-Չապլինն ու  Աուրելիա Թիերե-Չապլինն, օրերս Հայաստանում էին: Նրանք այստեղ էին ներկայացնելու Վիկտորյա Չապլինի «Ղողանջ եւ պատրանք» ներկայացման համաշխարհային պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս Աուրելիա Թիերե-Չապլինը: Ներկայացումը բեմադրվել է 2 օր՝ հոկտեմբերի 3-ին եւ 4-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:  

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որի հրավերով էլ Չապլինի դուստրն ու թոռնուհին ժամանել էին Հայաստան, մանրամասներ ներկայացրեց նրանց այցից, ներկայացումից եւ տպավորություններից:

«Ներկայացման հրավերը մեկ տարի առաջ է եղել: Շատ ծանր հյուրախաղեր էին, որովհետեւ բավականին ծախսատար էին ոչ միայն հոնորարային առումով, այլեւ դեկորացիաների, որոնք Ֆրանսիայից պետք է Երեւան տեղափոխվեին: Բայց մեր հովանավորների շնորհիվ մենք իրականացրինք այդ ծրագիրը: Նպատակն էր, որպեսզի թատերական գործիչները ներկա գտնվեին եւ դիտեին այս ներկայացումը: Սա իր տեսակով բիզնես ծրագիր չէր: Ուշագրավ էր նաեւ այն փաստը, որ տվյալ ներկայցաման համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ հենց Հայաստանում»,-նշեց Ղազանչյանը՝ հավելելով.

«Շատ հետաքրքիր ներկայացում էր, հետաքրքիր մտածողության մեջ: Նրանք էլ շատ գոհ հեռացան Հայաստանից»:

Վիկտորյան եւ Աուրելիան Հայաստանում անցկացրել են 5  օր: Փորձերի եւ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով շատ բան չեն հասցրել տեսնել, սակայն եղել են Սերգեյ Փարաջանովի թանգարանում, որտեղից հեռացել են մեծ տպավորություններով.

«Շատ էին ցավում, որ չկարողացան տեսնել շատ բաներ Հայաստանում, բայց պայմանավորվեցինք, որ էլի որեւէ աշխատանքով կվերադառնան եւ ավելի երկար կմնան»,-հավելեց Հակոբ Ղազանչյանը:

Ի դեպ, Չապլինի ազգականների այցը Հայաստան նախատեսվում էր դեռեւս մարտին, սակայն Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի խոսքով՝ հետագայում հոկտեմբեր ամիսն ավելի նպատակահարմար են համարել տվյալ այցի համար.

«Քանի որ Հայաստանում հոկտեմբերին անցկացվում են Ֆրանկոֆոնիաի օրերը, մտածեցինք, որ ավելի ճիշտ կլինի այս պահին նրանք գան; Ճիշտ է՝ ներկայացումը չմտավ ֆրանկոֆոնիայի ծրագրի մեջ այն առումով, որ, ի զարմանս մեզ, Ֆրանսիայի դեսպանատունը նպատակահարմար չգտավ աջակցել ներկայացմանը, բայց ինչեւէ, հոկտմբերն ավելի հարմար ամիս էր, եւ փոխադարձ բանակցությունների արդյունքում՝ նրանք եկան այստեղ: Ի դեպ, մարտին այլ ներկայացմամբ պետք է գային, իսկ երբ իմացանք, որ նոր ներկայացում է սպասվում եւ որ հնարավոր է համաշխարհային պրեմիերան անել Հայաստանում, եղավ փոխադարձ պայմանավորվածություն»:

Հարցին՝ արդյոք հայ թատերասերները մոտ ապագայում էլ հնարավորություն կունենան վայելելու հայտնի թատերական գործիչների ներկայացումն ու խաղը Հայաստանում, Ղազանչյանը պատասխանեց.

«Ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես դեռ նոր են գնացել Հայաստանից: Համենայն դեպս, մեծ տպավորություններով գնացին՝ թե հանդիսատից, թե ընդունելությունից: Մեր համագործակցությունը դեռ կշարունակվի, իսկ թե ինչ ձեւով եւ ինչ ներկայացմամբ, հետագայում կքննարկենք»:

Սյունե Առաքելյան                                                                                            



© NEWS.am STYLE