«Քասլ». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

23:30   8 հոկտեմբերի, 2018

Ինչի ասես, որ չեն գնա մարդիկ հանուն ոգեշնչման: NEWS.am STYLE-ը շարունակում է ձեր ուշադրությունը հրավիրել արժանի սերիալների վրա: Այս անգամ մեր ընտրությունը կանգ առավ «Քասլ» կատակերգություն-դետեկտիվի վրա:



Սերիալի ցուցադրությունը սկսվել է 2009 թվականի մարտի 9-ին ABC ալիքով, ավարտվել՝ 2016 թվականի մայիսի 12-ին: Սերիալը բաղկացած է 8 եթերաշրջանից:

Գլխավոր հերոսը Ռիչարդ Քասլն է, ով բավականին հաջողակ գրող է դետեկտիվ ժանրում: Սակայն նրա մոտ սկսվում է ստեղծագործական ճգնաժամ: Նրան այցելում են ոստիկաններ ու հայտնում, որ քաղաքում մարդասպան կա, ով կրկնօրինակում է Քասլի գրքերի սպանության սցենարները: Հարցաքննության ընթացքում Քասլը ծանոթանում է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի դետեկտիվ Քեյթ Բեքեթի հետ, ով էլ դառնում է նրա ոգեշնչման աղբյուրը:

Սյուժետային հանգուցալուծումն իհարկե գլուխգործոց չէ, ինչպես հաճախ պատահում է դետեկտիվների դեպքում, սակայն սերիալը միանգամից գրավում է հերոսների ու պատմության յուրահատուկ մատուցմամբ:



Նատանը միայնակ կարող էր տանել դերասանական ողջ կազմի լուծը, սակայն հաճելի է, որ մյուս կերպարները եւս ողջ են ու ավելին են, քան պարզապես մնացած դերասանների համար ֆոնը: Քասլը հասուն տղամարդ է, ում մեջ դեռահաս է ապրում: Նրա անհուն երեւակայությունն ու պահի տակ հղացող խելահեղ գաղափարները չեն կարող հետաքրքրություն չառաջացնել դիտողի մոտ: Շատերս ունենք մի ընկեր, որ ողջ շրջապատի ոգին է, այդպիսին է նաեւ Քասլը:

Քասլը նաեւ ստացված հայրիկ ու լավ որդի է: Քեյթը նույնպես գլխավոր հերոսներից է ու, կարելի է ասել, ողջ սերիալի կապող կամարն է՝ սկզբից մինչեւ վերջ: Սակայն ստեղծագործական կազմին հաջողվել է առաջին պլան չմղել այդ կամարը ու եթե անգամ այն հեռացնենք, սերիալում շատ բան չի փոխվի:

Քասլի խելահեղ մտքերում Քեյթը խելամտության նշույլներ է գտնում, ինչն էլ օգնում է հետաքննություններում: Հենց դրա վրա է հիմնված սերիալի դետեկտիվ կողմը: Այս համադրությունը հոյակապ միջոց է դետեկտիվն ու կոմեդիան մի հարթության վրա դնելու համար:

Երկրորդային հերոսներից կցանկանայինք առանձնացնել Քասլի մորը՝ Մարթա Ռոջերսին, որը ցույց է տալիս, որ անգամ հասակն առած մարդը կարող է կյանքով լի լինել:

Հնարավոր չէ անտարբեր անցնել Խավիեր Էսպոզիտոյի ու Քեվին Ռայանի դետեկտիվ զույգի կողքով: Նրանց դուետը իրական ընկերության, փոխհամաձայնության, կես բառից իրար հասկանալու ու միմյանց թիկունքը պահելու իսկական մարմնացում է:



Միաժամանակ նրանցից յուրաքանչյուրն առանձին անհատականություն է, իսկ սցենարիստները շատ լավ են նրանց որոշակի դրամատիզմ հաղորդել:

Եվ այսպես, հարգելի ընթերցողներ, նրանք, ովքեր հետեւում են մեր շարքին, գիտեն, որ մենք չենք բացահայտում սերիալների դետալները, սյուժետային հանգույցները եւ այլն: Մենք պատմում ենք ստացած տպավորությունների, դիտելու շարժառիթների ու սերիալների ինքնատիպության մասին: Եթե ուզում եք հետեւել հումորով, ոչ ձանձրալի, որակյալ սերիալի գործողություններին, ապա «Քասլը» հենց ձեզ համար է:

Մաղթում ենք հաճելի դիտում:

                                                                               Պատրաստեց Նորայր Նազարյանը

 



© NEWS.am STYLE