«Շատ չեմ հեռանում ինձանից. փորձում եմ լինել իմ բնությանն ու ներաշխարհին մոտ». Գայանե Ավետիսյանն իր նոր կերպարի մասին (ֆոտո)

14:20   10 հոկտեմբերի, 2018

Դերասանուհի Գայանե Ավետիսյանն օրերս ներկայացել է նոր ֆոտոշարքով: Լուսանկարների հեղինակը Արման Հարությունյանն է, իսկ Գայանեն ներկայանում է խորհրդավոր կնոջ կերպարում՝ կանաչ բնության մեջ, կանաչ զգեստով:

Դերասանուհին իր նոր ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել դրա ստեղծման, գաղափարի եւ նոր կերպարի մասին:

«Նկարահանումն արվել է Բուսաբանական այգում, նպատակն էր գեղեցիկ կերպով ներկայացնել կանացի այն նոր հավաքածուն, որը ստեղծել է տաղանդավոր դիզայներ Գեղամ Շերոյանը, եւ ինձ է վստահել առաջինն այն ներկայացնել: Կարծում եմ՝ ֆոտոշարքը հետաքրքիր է ստացվել: Փորձել ենք ցույց տալ գեղեցիկ կանացի կերպար՝ ներդաշնակ ներքին էմոցիաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին՝ Գեղամ Շերոյանին, դիմահարդար Հեղինե Խաչատրյանին, վարսահարդար Գանձին եւ լուսանկարիչ Արման Հարությունյանին, որ կարողացել ենք շատ կարճ ժամանակահատվածում հասկանալ, թե ինչ է պետք գեղեցիկ կերպար ստանալու համար: Եթե կա լավ թիմ, հետեւաբար՝ կա լավ աշխատանք»,-ասում է Գայանեն՝ խոստովանելով, որ թեեւ շատ է սիրում լուսանկարվել, բայց իր մոտ էլ են լինում պահեր, երբ ստեղծագործելու ցանկություն, առհասարակ, չի ունենում:

«Շատ եմ սիրում լուսանկարվել, հատկապես, երբ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատում, բայց, իհարկե, լինում են նաեւ այնպիսի օրեր, կյանքի այնպիսի փուլեր, որ ընդհանրապես չես ցանկանում լուսանկարվել, խաղալ կամ ստեղծագործել: Բայց աշխատում եմ, որ ներսումս միշտ ներդաշնակություն լինի, որպեսզի կարողանամ ստեղծագործել եւ որ դա լինի տեղին, արդարացված եւ գեղեցիկ»:

Վերջին շրջանում Գայանեն հաճախակի է ներկայացնում նոր ֆոտոշարքեր, որոնցում միշտ տարբեր կերպարներում է: Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է օգնում զգալ ու գտնել ճիշտ կերպարը.

«Թե ֆիլմերում, թե թատրոնում, թե լուսանկարներում կերպարը կերտել օգնում է այն, որ ես շատ չեմ հեռանում ինձանից, միշտ փորձում եմ լինել իմ բնությանն ու ներաշխարհին մոտ, բայց այս անգամ մի փոքր այլ էր, որովհետեւ ես սովորական ֆոտոշարք չէի ներկայացնում, որտեղ լինեին իմ էմոցիաները, նաեւ կար պարտավորվածություն, որովհետեւ գեղեցիկ կանացի զգեստը պետք էր ներկայացնել յուրովի»:

Հարցին, թե որն է լինելու իր հաջորդ կերպարը, դերասանուհին պատասխանեց.

«Չեմ կարող ասել, թե ինչ կերպարում եմ ինձ տեսնում հետագա ֆոտոշարքերում, որովհետեւ ես ոչինչ նախապես չեմ պլանավորում, չգիտեմ՝ ինչ առաջարկներ կամ մտքեր կունենամ: Ամեն դեպքում, ոչինչ հենց այնպես չեմ անում, չեմ անում, ուղղակի, գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար: Երբ զգում եմ, որ կա ասելք, կա նպատակ կամ հետաքրքիր գաղափար, նոր միայն ստեղծվում են գեղեցիկ լուսանկարներ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE