«Չկա տաղանդ, կա գրավչություն». NEWS.am STYLE-ը բացահայտում է Միշել Ռոդրիգեսին

00:10   11 հոկտեմբերի, 2018
Բնականաբար, գրավչությամբ միայն տղամարդիկ չեն, որ օժտված են:

NEWS.am STYLE-ն այս անգամ ներկայացնում է գեղեցկուհի Միշել Ռոդրիգեսին, որն ավելի շատ հայտնի է որպես բրուտալ կին:

Միշելը ծնվել է 1978 թվականի հուլիսի 12-ին, ԱՄՆ-ի Սան Անտոնիո քաղաքում:

Միշելն ընդամենը 8 տարեկան էր, երբ նրա ծնողները բաժանվեցին: Դրանից հետո նա իր մոր հետ երկար ժամանակ քաղաքից քաղաք էր տեղափոխվում ու ճանապարհորդում դեպի օտար երկրներ: Նրա դաստիարակությամբ ավելի հաճախ զբաղվել է տատիկը:

Միշելը հասուն տարիքում ավելի շատ ամբոխային դերերով էր հանդես գալիս, բայց իմանալով «Կանացի մարտ» ֆիլմի բաց քասթինգի մասին, նա առաջ է անցնում մնացած 350 հավակնորդներից ու ստանում է առաջին դերը:


Ֆիլմը 2000 թվականին է էկրան բարձրացել: Միշելը բավականին հաջող կերպով է մարմնավորել Դիանա Գուզմենին, որը բարդ իրադրության մեջ էր ու իր ագրեսիան ուղղում էր դեպի մարտերը: Ֆիլմն արժանացավ կինոքննադատների դրական գնահատականին, ինչը Ռոդրիգեսին հնարավորություն տվեց այլ դերեր եւս ստանձնել:


Երկու տարվա ընթացքում Միշելը հասցրեց միանգամից երկու կարեւոր ֆիլմերում խաղալ՝ «Ֆորսաժում» եւ «Չարի կացարանում»: Այս ֆիլմերում մարմանվորած նրա կերպարները վերջնականապես ամրապնդում են ուժեղ աղջկա նրա կերպարը: Տարիներ շարունակ նա հենց նմանատիպ  դերեր է մարմնավորել:

Այն ուշագրավ դերեր, ցավոք, չենք նկատում Միշելի ֆիլմագրության մեջ: Թերեւս, կարելի է առանձնացնել «Մաչետեն» ու «Ավատարը»: Վերջինում Միշելը երկրորդային, սակայն իր համար պավականին տիպիկ դեր է խաղացել:

Միակ ֆիլմը, որը հույս է տալիս Միշելի՝ որպես դերասանուհի զարգանալուն, «Ալիտա. մարտական հրեշտակ» ֆիլմն է, որը շուտով կսկսի արշավը կինոթատրոններում:

Միշելը կադրում բավականին ներդաշնակ է երեւում, զգացվում է, որ նա կարող է ավելին, քան ցույց է տալիս: Պետք է նկատի ունենալ, որ միեւնույն կերպարը մի ֆիլմից մյուսը տեղափոխելը դերասանի համար կործանարար է, անգամ եթե վերջինս շահում է կինոսերների սիրտը իր անհուն գրավչությամբ:

                                                                                      Պատրաստեց Նորայր Նազարյանը

 



© NEWS.am STYLE