«Բալետն իմ տարերքն է, կենսակերպը». Րաֆֆի Գալստյանի բալետային հաջողություններն ու նպատակները

13:05   12 հոկտեմբերի, 2018

Բալետը նրա տարերքն է, կենսակերպը...Այն պահանջում է արտաքին տեսք, երաժշտական օժտվածություն, ռիթմի զգացողություն, տեխնիկա, աշխատասիրություն եւ համառություն:

Այս հատկանիշներն ու մեծ սերը բալետի հանդեպ օգնեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանին հաղթահարել դժվարություններն ու այսօր արդեն հանդես գալ սիրելի թատրոնի բեմում:

Րաֆֆի Գալստյանն ավարտել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարերի բաժինը, ՀՀ ժող. արտիստ Հովհ. Դիվանյանի դասարանը՝ բալետի դերասան որակավորմամբ: Սովորելու տարիներին նա ակտիվորեն մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված մի շարք բալետային մրցույթների ՝ մշտապես զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Այդ են վկայում բազմաթիվ պատվոգրերը, մեդալներն ու հուշանվերները:

Նա հնարավորություն է ունեցել նաեւ Հայաստանը ներկայացնել Մոսկվայում ՝ 2017թ. մասնակցելով հեղինակավոր GLOBAL ART միջազգային մրցույթին՝ գրավելով առաջին տեղը, իսկ 2018-ին երրորդն է ճանաչվել Տալլինում կայացած բալետային միջազգային մրցույթում:

Դեռեւս քոլեջի ավարտական կուրսում սովորելու ընթացքում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրավերով Րաֆֆին Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետում մարմնավորել է Զվեզդիչի կերպարը, իսկ քոլեջն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել թատրոնում:

Կարճ ժամանակում նրան են վստահվել նաեւ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետում Արմենի, Ա Խաչատրյանի «Մարդուկ-ջարդուկ» բալետում Արքայազնի, Շոպենի «Շոպենիանա» բալետում Պատանու դերակատարումները: Այժմ էլ մեծ պատասխանատվությամբ 18-ամյա պատանին պատրաստվում է Ա. Խաչատրյանի «Սպարտակ » բալետին, որտեղ մարմնավորելու է Սպարտակին եւ Կ.Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետին, որտեղ բալետային խմբի հետ միասին աշխատում է հրավիրված բալետմայստեր Հենրիխ Մայորովի հետ:

Անգնահատելի է ՀՀ ժող. արտիստ Վ. Խանամիրյանի ներդրումը Րաֆֆի կյանքում: Հենց նա է ուղղորդել պատանուն դեպի պարարվեստի պետական քոլեջ, դեպի բալետի մեծ աշխարհ:

Րաֆֆի Գալստյանին արդեն նկատել եւ աշխատանքային հրավերներ են կատարել աշխարհահռչակ բալետմայստեր Բորիս Էյֆմանը,Էստոնիայի բալետային թատրոնի ղեկավար Տոոմաս Էդուռը, Նյու Յորքում անցկացվելիք բալետի ամենահեղինակավոր մրցույթներից մեկի ՝YAGP-ի ներկայացուցիչները:

Ամեն օր կատարելով ֆիզիկական հսկայական աշխատանք, մարմնավորելով գլխավոր դերեր եւ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափերին ու համակրանքին՝ Րաֆֆին ունի մեկ նպատակ, այն է՝ նպաստել Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնի գործունեությանը այնպես, որ իր եւ թատրոնի բալետային խմբի կատարումները երկար մնան հանդիսատեսի հիշողութնուններում, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Հունվարին երիտասարդ պարողը կզորակոչվի բանակ: Րաֆֆին հույս ունի, որ ծառայության ընթացքում էլ պետական աջակցությամբ կշարունակի հարկ եղած դեպքում մասնակցել հյուրախաղերին եւ ետ չի մնա իր կարիերայում սպասվող հաջողություններից:



© NEWS.am STYLE