«Երեւի Աստծո տված պարգեւն է դա». Ջիվան Գասպարյանը՝ ստեղծագործելու հանդեպ սերը չկորցնելու եւ ծնունդն այսօր չնշելու մասին

18:55   12 հոկտեմբերի, 2018

Աշխարհահռչակ հայ դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն այսօր՝ հոկտմբերի 12-ին, դարձավ 90 տարեկան: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, սակայն, դուդուկի վարպետը հայտնեց, որ չի պատրաստվում նշել ծննդյան տարեդարձը, իսկ պատճառը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահն է, որի հետ ինքը եւս բավականին մտերիմ է եղել:

«Ծնունդ այսօր չեմ ցանկանում նշել, քանի որ բոլորովին վերջերս մահացավ Շառլ Ազնավուրը…Նշելու ցանկություն այսօր չունեմ:    Ծնունդս կտեղափոխվի նոյեմբերի 26-ին, այդ օրը տեղի կունենա իմ 90-ամյակին նվիրված համերգը, որը կազմակերպվելու է մշակույթի նախարարության կողմից»:

Մեծ վարպետին նվիրված համերգը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ մանրամասների մասին Գասպարյանն առայժմ չցանկացավ բարձրաձայնել. «Թող դա մնա անակնկալ»,-պատասխանեց լեգենդար դուդակահարը:

Երեկ Ջիվան Գասպարյանը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա համերգին: Ինչպես հրապարակում հավաքվածները, այնպես էլ աշխարհահռչակ դուդուկահարը ջերմ զգացողություններ է ստացել հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալուց:

Իսկ մեր այն հարցին, թե ինչն է նրան ոգեշնչում առ այսօր իր գործին նվիրվել նույն եռանդով եւ սիրով, Ջիվան Գասպարյանը պատասխանեց. «Իրոք դժվարանում եմ որեւէ բան ասել: Երեւի Աստծո տված պարգեւն է դա»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE