Պարզ ու շքեղ. արքայադուստր Եվգենյան ամուսնացավ Ջեք Բրուկսբենկի հետ

19:30   12 հոկտեմբերի, 2018

Եղիսաբեթ Երկրորդի 27-ամյա թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան ամուսնացավ 32-ամյա Ջեք Բրուկսբենկի հետ, ում հետ նա արդեն յոթ տարի է, ինչ հանդիպում է:

Այս տարվա՝ թագավորական ընտանիքի թվով երկրորդ պսակադրությունը չէր կարող չհամախմբել ԶԼՄ-ներին ու բոլոր նրանց, ովքեր սիրում են մատը պահել համաշխարհային թոհուբոհի զարկերակին:







Ինչպես եւ Մեգան Մարքլը, Ջեքը նույնպես չի կարող հպարտանալ արքայական արյամբ, նա ծվել ու մեծացել է հաշվապահների ընտանիքում: Այնուամենայնիվ, նրա նախնիները ունեն որոշակի կապ արքայական ընտանիքի հետ՝ նրանք տիտղոսակիր պալատականներ են եղել:



Այժմ մի փոքր Եվգենյայի հարսանեկան զգեստի մասին. Կարծես թե արդեն ավանդույթ է դարձել, որ արքայական ընտանիքի գեղեցկուհիները պետք է խորանին մոտենան մինիմալիստական, հասարակ, բայց միեւնույն ժամանակ շքեղ զգեստներով:





Արքայադուստրը իր հասարակ ու մեղմ կերպարին շքեղություն էր հաղորդել շքեղ թագի միջոցով: Նրա վարսերը խնամքով հավաքված են եղել, իսկ դիմահարդարումը՝ համեստ: Նրբաճաշակ ու մոտ 5000 դոլարանոց զգեստի մեքջի բացվածքը էլ ավելի է նրբացրել արքայադստեր տեսքը:

Նորապսակները հրավիրել էին ավելի քան 850 պալատականների, ազգականների ու ընկերների, մոտ 150 հոգով գերազանցելով արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հյուրերի ցուցակը:



Հատկանշական է, որ անվտանգության համակարգի անխափան գործունեության համար զույգը վճարել է մոտ 2 մլն. դոլար:

Հրավիրյալների ցանկում եղել են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, Լիվ Թեյլորը, Էլլի Գոլդինգը, Դեմի Մուրը, Ջեյմս Բլանտը, Քեյթ Մոսը, Կառա Դելեւինը եւ այլք:






                                                                                                  Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                      Լուսանկարները՝ PA, Getty



© NEWS.am STYLE