«Նա անվերջանալի մարդ է արվեստի մեջ». Յուրի Բաշմետի եւ նրա նվագախմբի փորձը՝ երեւանյան համերգից առաջ (ֆոտո/վիդեո)

21:44   15 հոկտեմբերի, 2018

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում  այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկան աշխարհահռչակ ալտահար եւ դիրիժոր Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը:

Մինչ համերգային ծրագրի մեկնարկը  NEWS.am STYLE-ը ներկա եղավ նվագախմբի եզրափակիչ փորձին, որից հետո Յուրի Բաշմետն ու «Երեւանյան հեռանկարներ» ծրագրի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը խոսեցին հանրահայտ երաժիշտի երեւանյան ելույթի մասին:

«Բաշմետը ոչ միայն հայտնի երաժիշտ է, այլեւ այս մոլորակի ամենապոպուլյար մարդկանցից մեկն է, աշխարհին հայտնի ամենաստեղծագործ մարդկանցից է: Մեզ համար կրկնակի պատիվ է նրան հյուրընկալելը, քանի որ նա մեծ ավանդ է ունեցել մեր երաժիշտներից շատերի կայացման մեջ, այդ էր պատճառը, որ նա Հայաստանում արժանացավ պատվոշքանշանի: Ուրախ եմ այս այցի համար: Նրա ցանկացած այց երաժշտական իմաստով մեծ տոն է: Նա անվերջանալի մարդ է արվեստի մեջ: Նրան Հայաստան բերելը հեշտ չէ, քանի որ գրաֆիկը շատ խիտ է: Շատ ուրախ եմ, որ այստեղ է հրաշալի ծրագրով»,-զրույցի ընթացքոում նշեց Ռոստոմյանը:

Յուրի Բաշմետը երկար ժամանակ չուներ լրագրողների հետ շփվելու համար, շտապում էր համերգին՝ իրեն անհամբեր սպասող հանդիսատեսի մոտ, սակայն կարճ զրույցի ընթացքում ներկայացրեց, թե ինչ ծրագրով է հանդես գալու հայ երկրպագուների համար, նաեւ Հայաստանի ու հայերի հետ իր ամուր կապի մասին խոսեց.

«Ես շատ ուրախ եմ, որ Երեւանում եմ, այստեղ շատ ընկերներ ունեմ: Իմ թոռնիկը եւս հայկական արմատներ ունի, նրա անունը Հրանտ է, նա 11 տարեկան է, բայց արդեն ջութակ է նվագում, սակայն անկեղծ ասած՝ ֆուտբոլ ավելի շատ է սիրում:)»,-անկեղծացավ երաժիշտը:

Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի երեւանյան համերգին հնչեցին Սվիրիդովի Կամերային Սիմֆոնիան, Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով, Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆեւի եւ Բերգի ստեղծագործություններից:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE