«Սիմփսոնները». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

23:20   15 հոկտեմբերի, 2018

NEWS.am STYLE-ն իր վրա բավականին պատասխանատու առաքելություն է վերցրել՝ խորհուրդ տալ դիտել սերիալ, որը սկսել է ցուցադրվել իմ լույս աշխարհ գալուց մեկ տարի առաջ:

«Սիմփսոնները» ծնունդ են առել 1989 թվականի դեկտեմբերի 17-ին, FOX ալիքի եթերում:

Անկեղծ ասած, դժվարանում եմ բոլոր մտքերս փոխանցել այս սերիալի մասին, որովհետեւ դրանք այնքան շատ են, որ մոտենում են անվերջանալիի սահմանին:

Աշխարհում գրեթե յուրաքանչյուրը գոնե ականջի ծայրով լսել է այս սերիալի մասին: Ի՞նչ կարելի է ասել ամենաերկարակյաց հեռուստատեսային սերիալի մասին, որի ներքո մեկ սերունդ չէ, որ մեծացել է:

Սիմփսոնները յուրահատուկ են իրենց բնույթով: Մեր առաջ մի ընատնիք է, որը առաջին հայացքից ընդհանրապես «տարվա լավագույն ընտանիք» տիտղոսին արժանի չէ: Բայց դա ընդամենը առաջին հայացքից. մի քանի սերիա դիտելուց հետո, դուք կներթափանցեք այս ընտանիք ու կդառնաք դրա մի մասը:

Հոմեր, Մարջ, Լիզա, Բարտ ու փոքրիկ Մեգի. դուք կսիրեք նրանցից յուրաքանչյուրին, որովհետեւ բոլորը անհատականություն են ոչ միայն բազմակողմանիության տեսանկյունից, այլեւ բնավորության ու սկզբունքների:

Սերալի ստեղծողներ Մեթ Գրոունինգը եւ Ջեյմս Բրուկսը այնքան իրական են պատկերել հերոսներին, որ երբեմն թվում է՝ նրանք ավելի մարդկային են, քան մենք ինքներս: Հոմերը, որը ընդհանրապես անբան ու հիմար շատակեր է թվում, իրականում սիրող ամուսին ու օրինակելի հայր է: Մարջը, որը ամեն բան զոհում է հանուն ընտանիքի, Լիզան՝ տան ճերմակ ագռավը, բարի սրտով չարաճճի Բարտը եւ իհարկե փոքրիկ Մեգին, կլցնեն ձեր առօրյան:

Չմոռանանք նաեւ քաղաքը, որտեղ ապրում են այս հերոսները: Սփրինգֆիլդը բնակեցված է բազմաթիվ մարդկանցով, ու նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ կերպար է՝ աճպարար Կրաստից սկսած՝ վերջացրած բարմեն Մոյով:

Ընտանեկան արժեքներ ու բարոյակա նորմերը քարոզելուց զատ, սերիալում քննադատվում է մերօրյա հասարակությունը: Սիմփսոնները վերջինիս հայելային արտացոլանքն են, որոնք ներկայացնում են մեր համազմունքները, կյանքի ընկալումներն ու ձգտումները:

Սերիալի յուրահատկությունն այն է, որ հերոսները չեն ծարանում: Անցած 30 տարիների ընթացքում նրանք մնացել են այնպիսին, ինչպիսին կային սերիալի սկզբին: Շրջակա միջավայրը փոխվում է, իսկ նրանք մնում են նույն տարիքի. հետաքրքիր պարադոքս է:  Թեեւ մեզ հաճախ ցուցադրում են դրվագներ, երբ գործողությունները զարգանում են անցյալում կամ ապագայում, իսկ հերոսներն այլ տարիքի են:

Ինչպես հասկանում եք, այս սերիալը բացարձակ մանկական չէ, ու թող ներեն ինձ ոմանք, բայց ես այն կհամեմատեմ «Ալիսան՝ հրաշքների աշխարհում»-ի հետ: Այն առումով, որ յուրաքանչյուր տարիքում փոխվում է դրանց ընկալումը: Ես հիշում եմ, երբ 10 տարեկան էի, «Սիմփսոնները» ինձ համար զվարճալի մուլտսերիալ էր: Բայց ահա անցել է գրեթե 20 տարի ու ես այն լիովին այլ տեսանկյունից եմ տեսնում: Այո, այն նույն կերպ զվարճալի է, բայց գաղափարը բացարձակ մանկական չէ:

Մեր օրերում շատերն այն կարծիքին են, որ սերիալն այլեւս առաջվանը չէ, կորցրել է իր էներգիան ու պահապնում է պարզապես ավանդական դարձած լսարանը: Իհարկե, սերիալն անթերի չէ, սակայն ավելի լավը գտնելը բավականին բարդ գործ է: «Սիմփսոնները» հրաշալի ստեղծագործություն է՝ արժանի գլուխգործող կոչվելուն:

Հ.Գ. Ի դեպ, համացանցում կգտնեք մի շարք նյութեր այն մասին, թե որքան իրողություններ են կանխագուշակել «Սիմփսոնները»՝ սկսած ժամանակակաից սմարթֆոններից, վերջացրած Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելով:

 

                                                                              Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE