«Օդ, կյանք, քամի, լույս, կամք, հավատք». այսօր ծնվել է Նադեժդա Սարգսյանը

15:05   17 հոկտեմբերի, 2018

«Պայծառ, լավատես ու սիրելի»՝ այսպես են հիշում Նադեժդա Սարգսյանին մտերիմները, հարազատներն ու ընկերները: Նրանք բոլորն ու հայկական երգարվեստն արդեն 4 ամիս է, ինչ ֆիզիկապես կորցրել են սիրելի երգչուհուն, սակայն դա միայն ֆիզիկապես… Նրա լուսավոր ներկայությունը սպրում է ու կլինի նրան ճանաչողների սրտերում:

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Նադեժդա Սարգսյանը կդառնար 64 տարեկան: Կյանքի ամենաերկար տարիները երգչուհին նվիրել է բեմին, արվեստին, երաժշտությանը, սերունդներ կրթելուն եւ հայկական շոու-բիզնեսը զարգացնելուն:

Նադեժդա Սարգսյանին պատանեկության տարիներին արգելել էին բեմ բարձրանալ, քանի որ ընտանիքի անդամները բավականին խիստ էին ու ավանդապաշտ, սակայն երգչուհու ձիրքը կոտրեց կարծրատիպերը: 

1971 թվականին նա ընդունվել ու ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, որից հետո ուսանել է նաեւ Մոսկվայի Թատերական ինստիտուտում: Նադեժդան սկզբում ցանկանում էր դառնալ դերասանուհի: Սակայն կայնքի ընթացքը նրան տարավ դեպի երգարվեստ: 9 տարի շարունակ նա եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար: 

Հենց Նադեժդա Սարգսյանն էր «Հայեր» անսամբլի գեղարվեստական ղեկավարը, որից, հատկապես, ճանաչում ձեռք բերեց նրա դուստրը՝ երգչուհի Էմմին: Նադեժդա Սարգսյանը չէր մոռանում երիտասարդ տաղանդների մասին եւ, թերեւս, հենց այդ պատճառով էլ նա հիմնել էր «Դո-ռե-մի» մրցույթը, որի միջոցով շատ ու շատ երեխաներ կարողացան ցույց տալ իրեց երաժշտական ունակությունները:

Նա եղել է նաեւ բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր, ինչպես օրինակ՝ «Երկու աստղ», «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր:

«Օդ, կյանք, քամի, լույս, կամք, հավատք»,-այս բառերով է այսօր դուստրը՝ Էմմին, բնութագրել մայրիկին, իսկ Instagram-ում հրապարակած մեկ այլ լուսանկարին կից երգչուհու գրառումն առավել, քան հուզիչ է. «Զանգեցի, որ շնորհավերեմ, էլի ծխում էիր…Էլի ներվայնացա, էլի բան չի փոխվել…»:

Նադեժդա Սարգսյանը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ: Երգչուհին իր հարցազրույցների ընթացքում բազմիցս խոսել էր այն մասին, որ բժշկի էր դիմել Էմմիի եւ իր ընկերների կոչով ու հորդորով: Նադեժդա Սարգսյանը մահացել է այս տարի՝ հուլիս 2-ին:



© NEWS.am STYLE