«Անհնար էր չվերապրել ու չստանալ այն, ինչ ռեժիսորն էր ուզում». Ադրիանա Գալստյանը՝ «Ժամանակն է» ֆիլմում իր հերոսուհու մասին

16:04   20 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 25-ից մեծ էկրաններին կցուցադրվի ռեժիսոր Վահե Սայանի նոր ֆիլմը՝ «Ժամանակն է», որի սցենարի հեղինակը Կամո Ունանյանն է: Ֆիլմի սյուժեն պատմում է մի երիտասարդի մասին, որը 25 տարի անց վրեժ է լուծում իր ընտանիքին կործանած թուրք մարդասպանից: Էքշն ժանրի այս ֆիլմում նկարաանվել են հայկական հեռուստաէկրաններից հայտնի մի շարք դեմքեր՝ Արմեն Մարությանը, Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Սողոյանը, Անի Հարոյանը, Անատի Սաքանյանը, Ժաննա Բուտուլյանը, Կամո Ունանյան, Ալեքսանդր Խաչատրյանը, Արսեն Լեւոնյանը, Արմեն Մարգարյանը, Արծրուն Սեդրակյանը, Մարիամ Մելիքյանը, Նարեկ Պետրոսյանը եւ այլք: Ֆիլմում հանդես է եկել նաեւ Ադրիանա Գալստյանը, որին բոլորովին վերջերս հայ ֆիլմասերները տեսան «Հեքիաթահարված» կատակերգությունում: NEWS.am STYLE-ը Ադրիանայի հետ զրուցել է իր մասնակցությամբ թվով երկրորդ գեղարվեստական ֆիլմի, ժանրային փոփոխության եւ նոր հերոսուհու մասին:

«Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Վահե Սայանից, որի հետ մինչ այդ արդեն համագործակցել էինք «Երանի» հեռուստասերիալի շրջանակում: Սիրով ընդունել եմ այն՝ հավանելով եւ սցենարը, եւ իմ կերպարը: Սյուժեն հրաշալի էր, ճիշտ ընտրված դերասանական կազմ, մնում էր միայն աշխատանքի անցնել»:

Ադրիանան ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսի քրոջ կերպարը.

«Հերոսուհուս անունը Մերի է: Համեստ կյանքով ապրող աղջիկ է, որը երիտասարդ տարիքում արդեն ճաշակում է կյանքի դառնությունը: Նախորդ՝ «Հեքիաթահարված» ֆիլմի հերոսուհուցս տարբերվում է՝ կախված եւ ժանրից, եւ տեսարաններից: «Հեքիաթահարված»-ը հումորային ֆիլմ է եւ ռոմանտիկ պատմության վրա էր հիմնված, իսկ Մերիի պատմությունը բոլորովին այլ է»:

Խոսելով ֆիլմի մասին՝ դերասանուհին նշում է.  «Հայերին հոգեհարազատ ֆիլմ է: Իմ տեսարանների նկարահանումները սկսել ենք ամռանը եւ բավականին շուտ ենք ավարտել: Կարող եմ ասել, որ եզակի դեպքերից էր, որ հոգնածություն չկար, ամեն ինչ շատ կտրուկ էր, արագ, ճիշտ դասավորված, մնում էր միայն զգալ կերպարը եւ խաղալ: Սցենարը կարդալիս անհնար էր չվերապրել եւ չստանալ այն, ինչ ռեժիսորն էր ուզում: Ֆիլմի շատ տեսարաններ նկարահանվել են Աթենքում, Ստամբուլում, Մոսկվայում, Թիֆլիսում: Իմ տեսարանները նկարահանվել են Երեւանում»:

Ադրիանան հավելում է՝ անհամբերությամբ եւ հուզմունքով է սպասում իր մասնակցությամ նոր ֆիլմի պրեմիերային:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ ֆիլմի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE