Քսենյա Բորոդինան եւ Օլգա Բուզովան՝ Յուլյա Ավագյանի ծննդյան եւ Անահիտ Սիմոնյանի ցուցադրության միջոցառմանը (ֆոտո/վիդեո)

10:05   21 հոկտեմբերի, 2018

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Անահիտ Սիմոնյանն ու «Միսիս աշխարհ 2014» տիտղոսակիր Յուլյա Ավագյանն իրենց ընդհանուր միջոցառման շուրջ էին համախմբել հայկական եւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնիների: Այդ օրը Անահիտն առաջին անգամ հանդես եկավ հավաքածուի ցուցադրությամբ, իսկ Յուլյան նշեց ծննդյան 33-ամյակը:

Երեւանում նման միջոցառում կազմակերպելը Յուլյայի միտքն է եղել: Նրա եւ Անահիտի մտերմությունը մոտ կես տարվա պատմություն ունի: Միջազգային մրցույթի տիտղոսակիրն ու հայ հայտնի դիզայները ծանոթացել են ամուսինների միջնորդությամբ, երկուսն էլ նշում են՝ առաջին իսկ վայրկյանից մտերմացել են: Յուլյան գնահատել է ոչ միայն Անահիտի մարդ տեսակն, այլեւ ճաշակը եւ որոշել իր ծննդյան խնջույքը համատեղել Անահիտի նորաձեւության ցուցադրության հետ:

Հատուկ միջոցառումը վարելու համար Հայաստան էր ժամանել հայտնի հաղորդավարուհի Քսենյա Բորոդինան: Յուլյայի ծննդյան տարեդարձը շնորհավորելուց հետո նա անդրադարձավ ներկայացված հավաքածուին: Հաղորդավարուհին տպավորված էր Անահիտի ներկայացրած զգեստեներով, որոնք պարունակում են հայկական տարրեր՝ տառեր ու նախշազարդեր:

«Հատկապես երկու նմուշ շատ եմ հավանել, մեծ սիրով ինքս էլ ձեռք կբերեի»,-նշեց նա:

Ի դեպ, մոդելները քայլեցին Հայկոյի հեղինակած երաժշտության ներքո: Անահիտի խոսքով՝ ամուսինը ողջ ընթացքում ոգեւորել է իրեն եւ օգնել պատրաստվել ցուցադրությանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Արամ mp3-ը, իսկ միջոցատման հատուկ հյուրը Օլգա Բուզովան էր, որը հյուրերի համար կատարեց իր երգացանկի սիրված հիթերից մի քանիսը:

Անահիտի առաջին ցուցադրությունն ու Յուլյայի ծննդյան տարեդարձը լուսաբանելու էին եկել նաեւ հայտնի Fashion TV-ն եւ MUZ TV-ն: NEWS.am STYLE-ը եւս իրադարձության կիզակետում էր: Ձեզ ենք ներկայացնում մեր պատրաստած ֆոտոռեպորտաժն ու տեսանյութերը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE