«Հերոսները». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

22:30   23 հոկտեմբերի, 2018

Եթե դուք դեռ չեք հոգնել սերիալներ դիտելուց, NEWS.am STYLE-ը ձեզ համար ունի համապատասխան սերիալներ՝ ժամանցն անցկացնելու համար:

Այս անգամ անդրադառնալու ենք մի սերիալի, որը արժանի կերպով համարվում է հիմնասյուներից մեկը, որի վրա բարձրացել են սերիալները՝ որակական հատկանիշներով:

«Հերոսները» սկսել է իր ճանապարհը NBC-ի եթերում 2006-թվականի սեպտեմբերի 25-ին: Այն 4 հիմնական եթերաշրջաններից, վեբ-էպիզոդներից ու 2015 թվականին եթեր թողարկված, 13 մասից բաղկացած մինի-եթերաշրջանից է կազմված:

Սերիալը պատմում է մեզ մարդկանց մասին, որոնց մեջ մի գեղեցիկ օր արթնանում են գերբնական ունակություններ՝ տելեպատիայից մինչեւ ժամանակի կառավարում: Եւ ահա նրանք հասկանում են, որ առաքելություն ունեն՝ առաջիկա աղետի ժամանակ փրկել միլիոնավոր կյանքեր:

Սերիալի հեռարձակման ժամանակ, երբ գերարագ ինտերնետ էր համարվում 256 կբ արագությամբ ինտերնետը, սերիալը իր հեռուստադիտողին էր հասնում հեռուստացույցի միջոցով: Արմենիա հեռուստաընկերությունը նույնիսկ գնել էր սերիալը ցուցադրելու իրավունքը:

Հետսովետական տարածքում հայտնվածներից սա առաջին սերիալներից էր, որը ցույց տվեց՝ ինչպիսին կարող է լինել որակյալ սերիալը՝ ընդգրկման մասշտաբից մինչեւ հիանալի սցենար:

Ինչո՞վ է այն այդքան առանձնահատուկ:

Յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մի անգամ մտածել է այն մասին, թե ինչ հրաշալի կլիներ գերբնական ուժ ունենալը: Սերիալն այդ ամենին կողքից հետեւելու հնարավորություն է տալիս ու ցույց է տալիս, որ իրականում դա այդքան էլ հեշտ չէ, իսկ այդ ուժը կյանքը հեշտացնելու փոխարեն ավելի է բարդացնում այն՝ կործանելով այն կրողի սեփական փոքրիկ աշխարհը:

Մեզ մատչելի կերպով մատուցում են այն գաղափարը, որ մարդուն բնորոշում է ոչ թե ուժը, այլ այս կամ այն իրավիճակում ընդունած որոշումը:

Կերպարները բավականին առանձնահատուկ են, նրանցից յուրաքանչյուրին շատ հաճելի է հետեւելը: Նրանք միանգամից ազդում են մեր հուզական դաշտի վրա, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել սերիալի ստեղծող Տիմա Քրինգին:

Դերասաններն այնքան են իրենց դերերի մեջ ներթափանցել, որ իրենց հերոսներին մինչ օրս ջերմորեն են հիշում: Պետրելի եղբայրները, Հիրո Նակամուրան եւ Անդոն, Նոյ Բենետը ու շատ ուրիշները շատ կոլորիտային ու գրավչություն ունեցող կերպարներ են: Սերիալի որակի մասին է խոսում նաեւ այն, որ դրա ամենապահանջված կերպարը հենց բացասական կերպարն է, անտիհերոսը: Սայլերի կերպարը, Զաքարի Կուինտոյի կատարմամբ, պարզապես գլուխգործոց է: Նա ամենադասական իմաստով չար կերպար է, որին, չգիտես ինչու, սիրում ես, անհանգստանում նրա համար ու որ ամենակարեւորն է, հասկանում ես նրան: Սայլերը մարմնավորում է այն գաղափարը, որ մարդը ունեցածով չբավարարվող էակ է:

Ժամանակին սերիալը շատ մրցանակների է արժանացել՝ «Էմմի»-ից մինչեւ «BAFTA»:

Ամենակարեւորը, ինչին հասել է սերիալը, այն է, որ այն հաջողել է նոր մակարդակի վրա բարձրացնել ողջ ֆորմատը: Հենց այսպիսի ստեղծագործությունների շնորհիվ սերիալները կարողացան մրցել ֆիլմերի հետ: Այս կոնտեքստում «Հերոսները» առանցքային դեր է ունեցել:

Մաղթում ենք հաճելի դիտում:

                                                                                   Պատրաստեց Նորայր Նազարյանը

 



© NEWS.am STYLE