«Իմ երաժշտությունը կդիպչի հայերի սրտի լարերին». Հանրահայտ ամերիկացի թավջութակահար Յան Մաքսին

11:13   25 հոկտեմբերի, 2018

Ամերիկացի հայտնի թավջութակահար Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում: Երաժիշտի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

Երեւանում ելույթ ունենալը թավջութակահարի համար մեծ իրադարձություն է, նրա կապը Հայաստանի հետ բավականին խորն է: Յանի ընտանիքը երկար տարիներ ապրել է Կովկասի տարածաշրջանում: Նրա մայրը ծնվել եւ մի քանի տարի անցկացրել է Երեւանում, այդ պատճառով էլ հայկական մշակույթը եղել է թավջութակահարի երաժշտական ժառանգության անբաժանելի մասնիկը:

Յանը ջութակին սիրահարվել է 5 տարեկանում, երբ առաջին անգամ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի համերգին, իսկ նրա ամենաազդեցիկ ուսուցիչներից է եղել հայտնի ջութակահար Սուրեն Բագրատունին:

Իր կարիերայի ընթացքում Յանն աշխատել է այնպիսի հայտնի անունների հետ, ինչպիսիք են՝ Անդրեա Բոչելին, Գլորիա Էստեֆանն ու Սթինգը:

NEWS.am STYLE –ը խոսել է Յանի ու Հայաստանում սպասվող իր առաջիկա համերգի մասին:

Դուք առաջին անգամ եք ելույթ ունենալու Հայաստանում, ի՞նչ ակնկալիքներ ունեք հանդիսատեսից, որի հանդեպ, հավանաբար, յուրահատուկ զգացողություններ ունեք:

Ես սովորաբար ինչ-որ տեղ գնալիս սպասումներ չեմ ունենում, քանի որ նախընտրում եմ սպասելիքների պատճառով չհիասթափվել, այլ հիանալ: Մի բանում ես վատահ եմ. Իմ երաժշտությունը կդիպչի հայերի սրտի լարերին, քանի որ ես արդեն իսկ ժողովրդից ստանում եմ էներգիայի մեծ պաշար, նույնիսկ դեռ չժամանած:

Ինչպե՞ս ձեր մայրն արձագանքեց, երբ իմացավ, որ որոշել եք համերգով հանդես գալ մի երկրում, որտեղ նա ծնվել ու մի քանի տարի ապրել է: Արդյոք ցանկություն հայտնե՞ց ձեզ հետ այցելել պատմական հայրենիք:

Այդ նորությունը շատ ուրախացրեց մորս ու քեռուս, ով Հայաստանում ավելի երկար է բնակվել՝ ավելի հասուն տարիքում: Ցավոք, առողջական որոշ խնդիրների պատճառով նա չի կարողանա ինձ միանալ, սակայն ուշադիր կհետեւի ամենին համացանցի միջոցով:

Ծրագրու՞մ եք Հայաստանում եւս մեկ համերգով հանդես գալ, եւ ո՞ր խմբի կամ երաժիշտներից ու՞մ հետ կցանկանայիք միեւնույն բեմում համատեղ ելույթ ունենալ:

Իհարկե ծրագրում եմ: Հուսով եմ՝ սա բազմաթիվ այցելություններիցս առաջինը կլինի: Անցած ամառ ես ուրախություն ունեցա Եկատերինբուրգում տեղական ջազի փառատոնին ելույթ ունենալ ու հենց այնտեղ առաջին անգամ լսեցի Վան Կվարտետին Երեւանից: Նրա ելույթն ինձ վրա անհավանական տպավորություն թողեց ու ես շատ-շատ կուզեի հաջորդ անգամ նրա հետ ելույթ ունենալ: Այս անգամ Միքայել Ոսկանյանի անսամբլի հետ ծրագրված է ջեմ-սեյշն: Հուսով եմ, որ հաջորդ այցելությանս ժամանակ եւս կհաջողվի այդպես հանդես գալ:

Ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում, երբ լսում եք Հայաստանի անունը:

Իհարկե, առաջին հերթին մտածում եմ երաժշտության մասին, որը պարուրված է խորը զգացմունքներով. Խոսքը դուդուկի մասին է: Այնուհետեւ Կոմիտաս, լեռներ, արեւ, հնագույն մշակույթ, տառապանքներով ու զրկանքներով լի պատմություն, հույս ու սեր, ժամանակ՝ քարի մեջ բանտված:

Մենք լսել ենք ձեր կատարմամբ «Ով սիրուն, սիրուն» երգը: Պատրաստվու՞մ եք երգացանկում նոր հայկական երգեր ներառել: Եթե այո, ապա  ո՞ր երգերը կարող է հայ ունկնդիրը ակնկալել լսել ձեր կատարմամբ:


Թող դա անակնկալ լինի: Խոստանում եմ միայն, որ այդ ամենը կբխի հոգուց:


Հե՞շտ տրվեց Հայաստանում առաջին համերգը կազմակերպելը:

 
Համերգի կազմակերպիչ Մարկ Հովհաննիսյանի, գլխավոր հովանավոր Երասխ վայնի (Eraskh Wine Company)-ի եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ադմինիստրացիայի շնորհիվ, ամեն բան որոշվեց ու կազմակերպվեց հաշված օրերի ընթացքում, քանզի երեւանյան համերգն ավելացվեց գրեթե վերջին վայրկյանին: Դատելով նրանից,որ տոմսերի կեսը վաճառվեց առաջին 24 ժամերի ընթացքում, չեմ կասկածում, որ անշլագ է լինելու:

Մաղթում ենք ձեզ հաջողություն, բարի գալուստ Հայաստան:

 



© NEWS.am STYLE