«Չկա տաղանդ, կա գրավչություն». NEWS.am STYLE-ը բացահայտում է երկաթե Առնիին

20:30   28 հոկտեմբերի, 2018

Դե ինչ, ահա եւ հասանք մեր շարքի վերջին հերոսին, որի դերասանական տաղանդը զիջում է գրավչությանը:

Ինտրիգներ ստեղծելն անիմաստ է, միեւնույնն է, վերնագիրն արդեն իսկ խոսուն է: Այս անգամ մենք չենք ներկայացնի կենսագրություն, քանի որ այդ դեպքում պետք է ստիպված լինենք գիրք հրատարակել:

Մեր այսօրվա հերոսը դերասան է, բիզնեսմեն, քաղաքական գործիչ ու ուղղակի դարի մարդ. Խոսքն Առնոլդ Շվարցենեգերի մասին է, ով ավելի հայտնի է երկաթե Առնի մականունով:

Այո, Առնին դերասանական տաղանդով չի փայլում, բայց հաջողեցնում է իր բոլոր դերերը շնորհիվ այնպիսի գրավչության, որ կարող է անսահման էներգիայի աղբյուր դառնալ:

Այս ամենից բացի, ո՞վ է Առնին:

Երեւի չկա մի մարդ, ով չի ճանաչում Առնիին որպես տերմինատոր: Մի ողջ սերունդ մեծացել է նրա այս դերով տպավորված: Հեռանալով նա ստիպեց մեզ արցունք թափել, բայց խոստացավ, որ հետ կգա՝ I'll be back:

Եւ նա իր խոսքի տերը եղավ՝ վերադառնալով ոչ միայն որպես տերմինատոր, այլեւ այլ դերեր մարմնավորած հերոս:

Առնին միշտ էլ ներկայացել է զիլ տղաների կերպարներով, ովքեր փրկում են աշխարհն ու նույնիսկ աչքը չեն թարթում: Այդ ամենին զուգահեռ Առնին մեզ նաեւ ժպիտ է պարգեւել:



«Երկվորյակները» եւ «Ջունիորը» փայլուն Դենի դե Վիտոյի հետ , իրական, հոգուց բխող կոմեդիայի օրինակ են, որոնք միշտ հետաքրքիր կլինեն հանդիսատեսի համար:


Դե, ինչ կարելի է ասել «Վերջին կինոհերոսը» ֆիլմի մասին, որը ամբողջությամբ Առնիի սատիրան է ներկայացնում՝ համատեղելով մարտաֆիլմային դրվագներ:

Առնին օրինակելի մարդ է, որի մասին կարելի է ասել՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: Ինչ գործի էլ որ նա ձեռնամուխ լինի, այն կպսակվի հաջողությամբ: Բոլորը նախանձում են նրան ու երազում են նրա փառքի մասին: Քաղաքական գործիչները շոկի մեջ են, թե ինչպես նրան հաջողվեց երկու անգամ դառնալ նահանգապետ: Թերեւս, եթե ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ տար, նա նույնիսկ իր թեկնածությունը կդներ նախագահական ընտրություններին:

Իհարկե, այս հաջողությունները պայմանավորված են նրա անհուն գրավչությամբ, որը պարզապես անչափելի է ու բնության շնորհ է:



Նա պարզապես հասարակ մարդ չէ, նա համառության սիմվոլ է, մարդկային կամքի ուժի մարմնացում:

Հենց այդ պատճառով էլ նա միշտ կվերադառնա, ուր էլ որ հեռանա:

Սիրելի ընթերցող, մարդն իր տեսակով բազմաշերտ է, չի կարելի միայն մեկ հատկանիշով հիմնավորված տալ մարդու նկարագիրը: Մեր շարքի բոլոր հերոսներին միավորում է գրավչությունը, բայց ասացեք՝ այքան հոդվածներից հետո համարու՞մ եք արդյոք, որ այն նրանց կենսագրության համար որոշիչ էր:

Կարծում եմ, որ ոչ:

Հ.Գ. «Երջանկությանը հետապնդելիս» ֆիլմում երկխոսության դրվագ կա, որը կարծում եմ այսպես, թե այնպես մեր շարքի հերոսներին հասել է: Ամբողջ սրտով ուզում եմ, որ ձեզ եւս հասնի:

-Որդի՛ս, երբեք ոչ ոքի թույլ մի տուր քեզ ասել, որ քեզ մոտ ինչ-որ բան չի հաջողվի: Նույնիսկ ինձ թույլ չտաս, լա՞վ:

-Այո՛:

- Եթե ունես երազանք, դու պարտավոր ես այն պաշտպանել: Եթե մարդիկ չեն կարողնաւոմ ինչ-որ բան անել իրենց կյանքում, նրանք կասեն, որ դու եւս չես կարող անել դա: Եթե ուզում ես ինչ-որ բան, գնա ու վերցրու:

 

 

                                                                                   Պատրաստեց Նորայր Նազարյանը 

 



© NEWS.am STYLE