Աշուն-ձմեռ 2013/2014 սեզոնի նորաձեւ պայուսակներ (ֆոտո)

20:06   4 հունիսի, 2013

Աքսեսուարների եւ պայուսակների երեւանյան խանութներն արդեն լցվել են աշուն-ձմեռ 2013/2014 սեզոնի նոր հավաքածուներով: Իսկ ի՞նչ են պատրաստել ճանաչված դիզայներներն այդ սեզոնի համար եւ ի՞նչն է արդիական, կպատմի NEWS.am STYLE-ի նորաձեւության փորձագետ Անժելիկա Մանուկյանը:

«Այս սեզոնին համաշխարհային դիզայներներն առաջարկում են կանացի պայուսակների հսկայական քանակությամբ տարբերակներ: Ձեւերի, գունային լուծումների, ձեւավորման տարրերի առատությունը կուրախացնեն նույնիսկ ամենաքմահաճներին: Ամենատարածվածները (բացի դասական սեւ ու սպիտակ գուներանգներից) դարձել են շագանակագույն, բեժ երանգները, կապույտի, մուգ կանաչի տարատեսակները եւ, իհարկե, երբեք նորաձեւությունից դուրս չեկող կարմիր գույնի պայուսակները:

 

Չի կարող չուրախացնել փաստը, որ հիմա դիզայներները չեն պարտադրում, որպեսզի պայուսակն անպայման համապատասխանի կոշիկի գույնին: Ընդհակառակը, պայուսակը հանդես է գալիս որպես անկախ աքսեսուար, որը կարող է չհամապատասխանել ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի, ո՛չ այլ աքսեսուարների գույնին: Կարեւորը կերպարի ընդհանուր ոճը պահպանելն է, իսկ գույնի ընտրության հարցում սահմանափակումներ չկան: Հենց նման մոտեցում են ցուցադրում Blumarine, Chloe, Max Mara, Loewe ապրանքանիշերը:

Արդիական կլինեն նաեւ սողունների կաշվից պայուսակները: Այս գեղեցիկ եւ նրբագեղ պայուսակները հարմար են գրեթե բոլոր կերպարներին եւ դրանց տիրուհու ցանկացած տարիքին: Դրանք թանկարժեք եւ էֆեկտիվ տեսք ունեն, այդ պատճառով էլ սիրվել են ամբողջ աշխարհի կանանց կողմից: Նրան պայուսակներ կարելի է գտնել Reed Krakoff-ի, Chloe-ի, Gucci-ի հավաքածուներում:

Շատ տարածված են ներքեւում լայն պայուսակները: Ամուր հատակով այս պայուսակները, որպես կանոն, կարճ եւ կոպիտ բռնակներ ունեն: Ո՛չ շատ մեծ, ո՛չ էլ փոքր լինելով՝ դրանք ցանկացած կնոջ համար պրակտիկ լուծում են: Նման պայուսակները հարմար են ինչպես գործնական կոստյումի, այնպես էլ զգեստի հետ բռնելու համար: Դրանք կարելի է գտնել Armani-ի, Dolce Gabbana-ի, Marc Jacobs-ի հավաքածուներում:

 

Աշուն եւ ձմեռ 2013/2013-ի եւս մեկ հիթը մորթե պայուսակներն են: Թանկարժեք, էֆեկտիվ, շքեղ են դիտվում: Հարմար են մորթի եւ շքեղություն սիրող կանանց համար: Նման պայուսակները նույնպես միջին չափի են եւ, որպես կանոն, կարճ բռնակներ ունեն:

 

Հավանաբար նկատեցիք, որ այս աշնանը դիզայներները խորհուրդ են տալիս պայուսակները բռնել միայն ձեռքին, այլ չկախել ուսից: Բացառություն են կազմում միայն մի քանի պայուսակներ. այնպիսիք, որոնք նախատեսված են գնումների ծանր արդյունքները տեղափոխելու համար (Versace, Jmendel, Marni, Loewe)»:



© NEWS.am STYLE