«Խաբի՛ր ինձ». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

10:20   1 նոյեմբերի, 2018

Սուտը շրջապատում է մեզ ամենուր ու միշտ…

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեր ուշադրությունը հրավիրել արժանի սերիալների վրա: Դրանց ներքո դուք կարող եք տաք ծածկոցի մեջ փաթաթվել ու թեյ վայելել, ներթափանցել հետաքրքիր պատմության խորքերը:

Եւ այսպես, տիկնայք եւ պարոնայք, այս անգամ զրուցելու ենք «Խաբիր ինձ» սերիալի մասին: Այն եթեր է հեռարձակվել FOX-ի եթերում 2009 թվականի հունվարից մինչեւ 2011 թվականի մայիսը: Սերիալը կազմված է 3 եթերաշրջանից:



Սերիալի իրադարձությունները զարգանում են Կել Լայթմանի շուրջ, ում դերը ստանձնել է Թիմ Ռոթը: Լայթմանը գիտությունների դոկտոր է, ում օգնությանն են դիմում ինչպես սովորական քաղաքացիները, այնպես էլ պետական մարմիննրը, որոնք ցանակնում են այս կամ այն գործը բացահայտել:

Սերիալը շատ հետաքրքիր է, դինամիկ ու բավականին խորիմաստ:  Շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է Լայթմանը օգտագործում իր գիտելիքները՝ դիմախաղի օգնությամբ բացահայտելով ստախոսին:

Առաջին հայացքից սա պարզապես շնորհ է , որի մասին կարող էր երազել ցանկացած մարդ: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ: Առաջինը՝ դա ոչ թե շնորհ է, այլ գիտություն, որը տարիներով պետք է ուսումնասիրել, երկրորդը՝ յուրաքանչյուր հաջորդ սերիայում մենք ոչ միայն խորասուզվում ենք այդ գիտության մեջ, այլեւ այլ բաներ ենք տեսնում:

Դա շնորհ չէ, այլ իրական անեծք: Լայթմանի տեսանկյունից մենք դիտում ենք աշխարհը՝ իր մեղքերով ու մարդուն՝ իր թուլություններով:

Պատկերացրեք, որ դուք ստի աշխարհում եք ապրում, բոլորն ամեն օր ձեզ ստում են: Ամեն վայրկյան հնչող սուտը դուք տեսնում եք միանգամից:

Այդ մտքի գիտակցումը կարող է խելագարության հասցնել, ու պատահական չէ, որ գլխավոր հերոսը ագրեսիվ է ու այնքան էլ լավատեսկաան չի տրամադրված աշխարհի հանդեպ: Միակ լուսավոր կետը, որ օգնում է մինչեւ վերջ չհիասթափվել, նրա դուստրն է:

Թիմ Ռոթը այս դերում հիանալի է: Նրա դերասանական խաղն անկրկնելի է: Մյուս դերասաններից նշանակալի են Բրենդան Հայնսը, ում հերոսը՝ Էլայը աշխատում է դոկտորի հետ:

Հերոսի նախատիպը Քալիֆորնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Փոլ Էկմանն է, ով ամբողջ կյանքը նվիրել է սուտը վերլուծելուն ու այդ մասին 14 գիրք է գրել: Նա նաեւ սերիալի գլխավոր խորհրդատուներից է, ինչը խոսում է սերիալի պրոֆեսիոնալիզմի մասին:

Սերիալը հոյակապ ցույց է տալիս մարդկային էությունը, հասարակության ոգին: Բոլորը ստում են, դրդապատճառները տարբեր են, փաստը՝ անփոփոխ:

Սերիալում բառացի բացահայտված է «Փոքր սուտը հանգեցնում է մեծ անվստահության» արտահայտությունը:



Ստելուց առաջ պետք է 100 անգամ մտածել՝ արժի՞ արդյոք, քանի որ այդ քայլի համար միշտ պետք է վճարել:

Մաղթում ենք հաճելի դիտում:

                                                                                      Պատրաստեց Նորայր Նազարյանը

 



© NEWS.am STYLE