Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. «Օ՛յ, այս խնամախոսները…»

21:42   4 հունիսի, 2013

Իմ երկրորդ կեսին ակումբներում, զբոսայգիներում, փողոցում եւ սրճարանում գտնելու երկարատեւ փնտրտուքներից հետո որոշեցի փոքր-ինչ հանգստանալ: Բայց չհաջողվեց: Հայտնվեց մորաքույրս՝ մեծ քթով, բարձրահասակ տղայի լուսանկարով: Շուրջ 2 ժամ լսելով նրա բոլոր առավելությունների մասին, որոնց շարքում առանձնանում էին ամերիկյան քաղաքացիությունը, սեփական տունը եւ թանկարժեք ավտոմեքենան, ես հանձնվեցի: Համաձայնեցի հանդիպել նրա հետ: Մտածում էի՝ կարող է հետաքրքիր անձնավորություն լինել եւ Ամուրի նետը, հնարավոր է, կխոցի սիրտս: Եվ ինչ եք կարծում, ի՞նչ եղավ:

Մենք հանդիպեցինք սրճարանում: Իմ նուրբ եւ մտածված զգեստն աննկատ մնաց: Փոխարենը նրա կարմիր մարզահագուստը, վստահ եմ, նկատեցին բոլորը:

Առաջին իսկ խոսքերից ինձ մոտ անորոշ կասկած առաջացավ, որ նրան ամենեւին չեն հետաքրքրում կյանքի հանդեպ իմ հայացքները, իմ անձը եւ ներաշխարհը:

«Ինձ հարկավոր է հնարավորինս շուտ ամուսնանալ, մեկ շաբաթ անց ես պետք է Ամերիկայում լինեմ»,- ահա մեր երկժամյա զրույցի ամփոփումը:

Չեմ հասկանում, ինչո՞ւ ամուսնանալ մեկի հետ, ով քեզ հարկավոր չէ: Չէ՞ որ ամեն դեպքում գումար ես ծախսելու կնոջդ համար, ավելի լավ չէ՞ տան աշխատող վերցնել եւ ապրել սեփական հաճույքի համար:

Ինչպես հասկացաք, նրա հետ ամուսնանալ չէի ցանկանում: Պարզապես մտածում էի, որ, թերեւս, հենց այս է ճակատագիրը: Բայց արհեստական երջանկությունն ինձ համար չէ: Ուզում եմ, որ փորիս մեջ թիթեռներ սավառնեն, ցանկանում եմ արթնանալ սիրահարության քաղցր զգացողությամբ: Այնպես որ, թանկագինս, ների՛ր, բայց դու ինձ համար չես:

Շարունակում եմ փնտրել: Իմ արքայազն, հայտնվի՛ր…

Լիլիթ



© NEWS.am STYLE