Աշունը, ջազն ու Համասյանը. աշխարհահռչակ դաշնակահարը՝ երեւանյան բեմում (ֆոտո)

22:07   1 նոյեմբերի, 2018

Այսօր Երեւանում ելույթ ունեցավ Տիգրան Համասյանը։ Նա միայն ջազմեն չէ։ Համասյանը հայկական երաժշտական բրենդ է, ում վստահորեն կարելի է դասել աշխարհահռչակ մշակույթի գործիչների շարքին։

Չէ որ Համասյանին հաջողվեց հայկական ջազ երաժշտությունը ճանաչելի դարձնել աշխարհում, այն ավելի հայտնի դարձրեց, եւ ամենակարեւորը՝ հետաքրքիր ոչ միայն ջազի սիրահարների համար, այլեւ առհասարակ երաժշտության սիրահարների համար, քանզի նրա արվեստը բազմաճյուղ է՝ ջազ-ռոք, էթնո, դասական, հոգեւոր ստեղծագործություններ։

Համասյանն այսօր ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Բեմում նրան ընկերակցեց աշխարհահռչակ սաքսաֆոնահար, կոմպոզիտոր, «Գրեմմի»-ին նոմինացված Kneebody խմբի հիմնադիր եւ անդամ Բեն Վենդելը։

Համասյանը կատարեց ստեղծագործություններ՝ համարյա իր բոլոր ալբոմներից։ Ստեղծագործություններ հնչեցին նաեւ «For Gyumri» ժողովածուից, որը լույս է տեսել այս տարի գարնանը։ Այս ժողովածուն որոշ առումով ինքնակենսագրական է․ Համասյանի շնորհակալությունն է իր հարազատ քաղաքին, մանկությանը, ընտանիքին․․․ Աննկարագրելի հուզիչ, միեւնույն ժամանակ գյումրու կոլորիտով «For Gyumri»-ին լավ հայտնի է մելոմաններին, իսկ կենդանի կատարմամբ այն ավելի շատ գրավեց հանդիսատեսին։

NEWS.am STYLE-ը նախընտրեց աշնանային երեկոն անցկացնել Համասյանի եւ Վենդելի կախարդական հնչյունների ներքո։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համերգի տպավորիչ ֆոտո-դրվագներից մի քանիսը։

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE