«Կցանկանայի, որ ավելի կարեւորվեր այս մրցույթը». Արենա Զեյնալյանը պատրաստվում է «Միսս աշխարհ 2018»-ին

15:05   2 նոյեմբերի, 2018

Դեկտեմբերի 8-ին Չինաստանի Սանյա քաղաքում 68-րդ անգամ կանցկացվի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը: Իսկ մասնակիցներն արդեն մրցութային տրամադրության մեջ են: Նոյեմբերի 10-ին աղջիկները կհանդիպեն Սանյայում՝ ծանոթանալու եւ մրցութային նախընտրական փուլերն անցնելու նպատակով:

Հայաստանն այս տարի մրցույթին ներկայացնելու է «Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը: 24-ամյա գեղեցկուհին մրցույթին սպասում է անհամբերությամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմել է իր էմոցիաների, ոգեւորության եւ մտահոգությունների մասին:

Արենա, համոզված եմ՝ այս շրջանում ակտիվորեն պատրաստվում ես «Միսս աշխարհ» մրցույթին

Այո, նոյեմբերի 10-ին արդեն մեկնում եմ Չինաստան՝ Սանյա: Այս ընթացքում ակտիվորեն մարզվում եմ՝ շաբաթական 3-4 օր, պատրաստվում եմ հարցազրույցների, Տավուշի մարզում եմ եղել՝ բարեգործության նպատակով, բարձրաձայնել եմ Մովսես գյուղում մաքուր ջրի հետ կապված խնդիրը, խոսել այն մասին, որ այնտեղի ժողովուրդը խմելու համար մաքուր ջուր չունի: Երկու օր անցկացրել եմ գյուղում, շփվել ժողովրդի հետ: Շատ-շատ սիրում եմ Տավուշի մարզը, հաստատ էլի կայցելեմ: Հոյակապ ժամանակ եմ անցկացրել այնտեղ, գյուղապետի հետ եմ ծանոթացել: Հայաստանում ունեցածս ամենալավ հուշերից կմնան այդ օրերը:

Նախապատրաստական ի՞նչ փուլում ես:

Մի քիչ խիտ գրաֆիկ ունեմ հիմա: Պատրատել ենք մրցույթին նվիրված տեսանյութ, ինչպես նշեցի՝ այցելել ենք գյուղ: Հիմա ավելի շատ ինձանով եմ զբաղվում: Շատ լավ է ամեն ինչ: Սպասում եմ մայրիկիս Հայաստան գալուն: Շատ ոգեւորված եմ: Փորձում եմ գնել այն բոլոր իրերը, որոնք անհրաժեշտ են մրցույթի համար:

Ի՞նչ փուլերով ես անցնելու մինչեւ բուն մրցույթը:

Մի քանի փուլերի պետք է մասնակցեմ՝ ցույց տալով տաղանդս, բարեգործական ակտիվությունս, մոդելինգի հետ կապված փուլեր էլ կան: Այդ ամենը հաղթահարելուց հետո նոր երկիրը ներկայացնող աղջիկը կարող է անցնել 40 մասնակիցների մեջ:

Ի՞նչ կերպարով ես ներկայանալու մրցութային օրերին:

Զգեստս կարելու է Գեւորգ Շադոյանը: Կտորն ընտրել ենք մայրիկիս հետ: Վստահ եմ՝ արդյունքը շատ գեղեցիկ է ստացվելու, անհամբերությամբ սպասում եմ:)

Մրցույթի մյուս մասնակիցներին հետեւո՞ւմ ես: Կա՞ն լուրջ մրցակիցներ:

Այո, տեսել եմ մյուս երկրների ներկայացուցիչներին: Բոլոր աղջիկներն էլ գեղեցիկ են, բնական է՝ իրենց երկրի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսն են կրում: Ինչ վերաբերում է ուժեղ մրցակցությանը՝ ինձ համար կարեւորը ներքինն է, մինչեւ մոտիկից չծանոթանամ նրանց հետ, չեմ կարող ասել՝ ով է ուժեղ մրցակից, որովհետեւ կարեւորը միայն դեմքը չէ: Ինձ համար շատ կարեւոր է, որ մարդը կարողանա նաեւ գրավել շրջապատին:

Արենա, ո՞վ է քեզ այս շրջանում ամենից շատ աջակցում:

Իհարկե, ինչպես բոլոր մայրերը՝ իմ մայրիկն էլ այս շրջանում ինձ շատ է աջակցում, իր ամբողջ ժամանակն ինձ է նվիրում: Ուզում եմ անվերջ մայրիկիս շնորհակալություն հայտնել, որովհետեւ նրա համար էլ դժվար շրջան է եղել հայրիկիս կորստից հետո, բայց նա երբեք ինձ մենակ չի թողել: Ցանկացած գործ ինքն է ինձ համար անում: Բնականաբար, Գոհարն է ինձ նաեւ շատ օգնում ցանկացած հարցով: Ընկերներս են օգնում, ի դեպ տարբեր երկրներում ընկերներ ունեմ, նաեւ շնորհակալ եմ Իրանում ապրող հայերին, որոնք եւս ինձ շատ են ոգեւորում: Հայաստանում, Սփյուռքում ինձ շատ են աջակցում, շատ նամակներ եմ ստանում ու ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ինձ ոգեւորում են, որ լավագույնս ներկայացնեմ Հայաստանը: Եթե անգամ չեմ հասցնում պատասխանել, ներողություն եմ խնդրում, բայց համոզված եղեք՝ բոլոր նամակներն էլ ընթերցում եմ:

Ինչպե՞ս ես տրամադրված մրցույթին:

Շատ դրական եմ տրամադրված: Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է մեկնեմ Չինաստան եւ վայելեմ այդ օրերը: Չեմ ցանկանում սա դիտարկել զուտ որպես մրցույթ: Ես այս պահին շատ ուրախ եմ եւ ոգեւորված՝ առավել եւս, որ նախկինում դեռ այնտեղ չեմ եղել: Ուզում եմ ծանոթանալ աղջիկների հետ: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էմոցիաներ ունեմ:

Շատ կցանկանայի, որ հայկական հեռուստատեսությամբ էլ հեռարձակվեր մրցույթը, քանի որ արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը մասնակցում է «Միսս աշխարհ»-ին: Ուրախ կլինեմ, որ մարդիկ հետեւեն ընթացքին: Առհասարակ սոցիալական ցանցերի իմ էջերում էլ կաշխատեմ լինել ակտիվ եւ լուսաբանել ինձ հետ կապված իրադարձությունները:

Մրցութային օրերին ինչպե՞ս կարող են քեզ աջակցել Հայաստանում:

Կարող եք ներբեռնել MobStar հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի իմ օգտին քվեարկել: Իսկապես, դա եւս ինձ համար մեծ աջակցություն կլինի: Եթե շատ ձայներ ստանամ, դա եւս կապահովի իմ մուտքը լավագույն 40 մասնակիցների մեջ: Հաղթելով այդ քվեարկության մեջ՝ ես կարող եմ ճանաչվել «Միսս Մուլտիմեդիա» եւ ըստ այդմ՝ կանցնեմ 40-ի մեջ: Նաեւ կարող եք հետեւել Miss World Armenia ֆեյսբուքյան էջին, քանի որ այնտեղի լայքերը եւս հաշվի կառնվեն: Ի դեպ, շատ կցանկանայի նաեւ իմանալ իմ հայրենակիցների կարծիքը, թե ինչպես կցանկանային, որ Հայաստանը ներկայանար մրցույթին, ինչ խորհուրդներ կամ մտքեր ունեն: Ես կկարդամ, կհետեւեմ եւ համոզված եմ՝ արդյունքն ավելի դրական կլինի:

Իսկ որո՞նք են քո առջեւ ծագած հիմնական դժվարություններըԵթե կան այդպիսիք:

Դժվարությունն այն է, որ ամբողջ մրցույթին ինքնուրույն ենք պատրաստվում: Չէի ցանկանա բարձրաձայնել այս թեման, կամ որ սա հնչի որպես բողոք, բայց նկատել եմ, որ Հայաստանում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում այս մրցույթին մեր մասնակցությանը, որքան, որ այն արժանի է: Նյութական, հոգեբանական աջակցությունը մեծ չէ, այսինքն՝ պատշաճ կերպով չի արվում գովազդ կամ անդրադարձ այս թեմային, կցանկանայի, որ ավելի կարեւորվեր այս ամենը: Չէ՞ որ, այնտեղ միայն իմ անունը չի հնչելու, Հայաստանի անունն է հնչելու միջազգային հարթակում՝ բավականին հեղինակավոր մրցույթի շրջանակում…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արենա Զեյնալյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE