Լավ մոռացված հինը. «Մեծը»

20:30   4 նոյեմբերի, 2018

Հարգելի ընթերցողներ, NEWS.am STYLE-ը սկսում է նոր շարք՝ «Լավ մոռացված հինը», որտեղ հիշելու ենք արդեն շատ հին ֆիլմեր, որոնք, չեմ վախենա այդ բառից՝ գլուխգործոցներ են:  

Մենք կպատմենք ֆիլմերի մասին, որոնք դեռ վարակված չեն բլոկբաստերի սինդրոմով և որոնց վրա չեն ծախսվել ահռելի գումարներ:

Այս շարքի ֆիլմերը լինելու են հոգեւոր, խորհելու տեղիք տվող, բարոյական և ամենակարեւորը՝ ամբողջական ու ավարտված:

Ասեմ անկեղծ, շատ դժվար է որոշել՝ ինչպես սկսել և ինչպես ավարտել: Այս անգամ ևս, անչափ բարդ էր որոշել, թե ո՞ր ֆիլմից սկսել բաժինը: Երկար մտածելուց հետո, ահա՛ և որոշումը.

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 1988թ. լույս տեսած «Մեծը» կատակերգությունը:

Սկսենք նրանից, որ ֆիլմի նկարահանող խմբի բոլոր անդամները Հոլիվուդի մեծության աստղեր են:

Սկզբում ռեժիսորը պետք է լիներ Սթիվեն Սփիլբերգը, բայց այդ պաշտոնը ստանձնեց Փենի Մարշալը: Սցենարիստներն են Հերրի Ռոսը և Էնն Սպիլբերգը (Սթիվենի փոքր քույրը): Պրոդյուսերն է Ջեյմս Բրուքսը («Սիմփսոնների» ստեղծողներից մեկը): Օպերատորն է Բարրի Զոննենֆելդը («Սևազգեստ մարդիկ» ֆիլմի ստեղծողը), իսկ կոմպոզիտորն է Հովարդ Շորը (այս մարդը հետագայում կգրի «Մատանինների Տիրակալի» երաժշտությունը)։  

Զգո՞ւմ եք տաղանդի և պրոֆեսիոնալիզմի կենտրոնացումը մեկ քառակուսի մետրի վրա։

Է չասած, որ գլխավոր դերի հավակնորդներն էին Ռոբերտ Դե Նիրոն, Ռոբին ՈՒիլյամսը և Հարիսոն Ֆորդը, բայց դերը բաժին հասավ Թոմ Հենքսին: 

Ֆիլմի սյուժեն պտտվում է 13–ամյա է Ջոշուա Բասկինի շուրջ, որը  ցանկանում է արագ մեծանալ։ ԵՎ մի «երջանիկ»  օր նա  գտնում է մի խաղային ավտոմատ, որը ցանկություններ է իրականացնում (կռահեք, թե ինչ երազանք է պահում Ջոշուան): Սակայն, ժամանակի ընթացքում, նա գիտակցում է, որ այդ պահած ցանկությունն այն չէ, ինչ ուզում էր:

Ֆիլմը գլուխգործոց է, բարի եւ բարոյական կատակերգություն՝ առանց անբարոյական հումորի:

Հենքսը շատ լավ ցույց է տալիս 30-ամյա մի մարդու, որն իրականում միայն 13 տարեկան է: Նրա բոլոր արկածները փայլուն ի ցույց են դնում, թե ինչ է նշանակում ապրել մեծահասակի կյանքով: Մոթելի տեսարանը շատ բնորոշ է. այնտեղ նա մենակ է մնացել։ Ինչպես նաեւ տեսարանը, երբ նա ստանում է իր առաջին աշխատավարձը: Եթե դուք չեք դիտել այս ֆիլմը, դիտեք այս տեսարանները շատ ուշադիր:

Փայլուն է նաեւ այն տեսարանը, որտեղ ցույց է տրվում, որ բոլոր մարդկանց մեջ ապրում է  երեխա: Խոսքը այն տեսարանի մասին է, որտեղ Հենքսը՝ Ռոբերտ Լոջերի կերպարի հետ,  խաղում են իրենց ոտքերով առեւտրի կենտրոնում մեծ դաշնամուրի վրա:

Այս ֆիլմի մասին կարող եմ խոսել շատ երկար եւ մանրամասն, բայց ես ինքս սպոյլերների հակառակորդ եմ և գիտակցում եմ, որ կան մարդիկ, որոնք չեն դիտել ֆիլմը, ուստի ես ավելի չեմ խորանա:

Թույլ տվեք պարզապես ասել, որ այս ֆիլմը պարտադիր է դիտել, խորհուրդ եմ տալիս նայել  ընտանիքի հետ:

Մի քանի այլ փաստեր ...

Ֆիլմի բյուջեն ընդամենը 18 միլիոն դոլար է, բայց ի՞նչ եք կարծում՝ ինչքա՞ն է հասույթը:

Գրեթե 10 անգամ ավելի շատ՝ 151 միլիոն դոլար, եւ եթե  հաշվի առնենք,  որ 30 տարի առաջ է էկրան բարձրացել, նաև հաշվի առնենք գնաճը, այս պարագայում ես նույնիսկ վախենում եմ հաշվել, թե որքան գումար է կազմում մեր ժամանակներում:

Բացի այդ, ֆիլմն ունի բազմաթիվ նոմինացիաններ եւ պարգեւներ՝ սկսած Վենետիկի կինոփառատոնից,  ավարտած Ոսկե Գլոբուսով եւ Օսկարով:

Արդյունքը.

Հոլիվուդի գլուխգործոց, փայլուն նկարահանող անձնակազմ, առաջին կարգի դերասաններ, սքանչելի սցենար եւ այս ամենի համատեքստում՝ մենք ստացանք հրաշալի ֆիլմ:

Բարի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE