«MICHELIN» աստղ ունեցող շեֆ Էդվին Սոմանգը «Շերեփ» ռեստորանում

00:15   5 նոյեմբերի, 2018

Ընթրիք «չորս ձեռք» ձևաչափով...

Michelin աստղ ունեցող շեֆ խոհարարը երբևէ հայկական գաստրոնոմիական իրականությունում չէր փայլել: Անցած ուրբաթ «Շերեփ» ռեստորանում իր խոհարարական տաղանդով փայլեց Նիդերլանդներից շեֆ խոհարար Էդվին Սոմանգը: Այցն իրականացվել էր Yerevan Food Fest-ի շրջանակում «Շերեփ» ռեստորանի հատուկ հրավերով:

Գուրմանները նրան կարող են ճանաչել Նիդերլանդների Ռոերմոնդում քաղաքի կուլտային «ONE» ռեստորանով: Այն տեղացիների ամենասիրելի ռեստորաններից է, իսկ հյուրերի համար «must visit» հայտնի ու սիրելի վայրերից մեկը։  Այն բացել է Սոմանգը՝ գործընկերոջ հետ, Ֆրանսիայի լավագույն ռեստորաններում 11-ամյա ստաժավորում անցնելուց հետո:

Երևանում Էդվին Սոմանգը և «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանը ռեստորանի բաց խոհանոցում ներկայացրեցին հատուկ սեթ մենյու՝ «չորս ձեռք» ձևաչափով։ Ի դեպ, Էդվին Սոմանգը և «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանը այցելել են շուկա և անձամբ են ընտրել բոլոր մթերքները ընթրիքը պատրաստելու համար: Հարկ է նշել, որ «Շերեփ» ռեստորանը  պարբերաբար տարբեր երկրների առաջատար շեֆ-խոհարարների  է հյուրընկալում, ովքեր ռեստորանի բաց խոհանոցում ներկայացնում են իրենց տաղանդը: Սա «Շերեփ» ռեստորանի առանձնահատկություններից մեկն է:

Եվ քանի որ շերեփը խոհարարի վարպետությունը խորհրդանշող ամենակարևոր գործիքներից է, ըստ ավանդույթի, երեկոյի ավարտին Էդվին Սոմանգը և Գարիկ Խաչատրյանը փոխանակվեցին շերեփներով:

Նշենք նաև, որ «Շերեփի» խոհանոցը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հաջողված ռեստորանային նախագծերից է և մյուսներից տարբերվում է նրանով, որ  չունի ազգային որեւէ պատկանելիություն կամ շեշտադրում. այն ուղղակի համեղ է, առաջարկում է տարբեր երկրների խոհանոցների ամենահետաքրքիր ուտեստները:

Միշլենյան երեկոյի ճաշացանկը առավել քան տպավորիչ էր. պրոֆիտրոլի Լոռի պանրով, թառափի ֆիլե՝ սպիտակ գինով և կարագի սոուսով, կանաչ սոխով, հորթի թուշ՝ սնկով և ձավարով ռիզոտո, հացի սուֆլե հումուսով և որպես աղանդեր «Խելահեղ լիմոնի տորթ»՝ նվիրված «Շերեփի» տարեդարձին: Ահա այսպես երևւանցիների համար այս սիրելի ռեստորանը դարձավ մեկ տարեկան:

 

Խոհարարական արվեստի պրոֆեսիոնալներ Միշլեն աստղ ունեցող շեֆ խոհարար Էդվին Սոմանգի և «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանի կողմից «չորս ձեռք ձևաչափով ընթրիքը», այն էլ՝ Yerevan Food Fest 2018-ի շրջանակում, անկասկած այս տարվա ամենավառ գաստրոնոմիական իրադարձությունն է:

Հրավիրված ռեստորատորները, ֆուդ-բլոգերները և հյուրերն ըստ արժանվույն գնահատեցին դուետի պատրաստած յուրաքանչյուր ուտեստը՝ զուգահեռ հետեւելով թիմի աշխատանքին բաց խոհանոցում: Եվ ամենեւին պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ ահռելի աշխատանք է կատարվել թե՛ խոհարարների, թե՛ նախագծի հեղինակների՝ Yerevan Food Fest 2018-ի և  «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից:

Այս դեպքում նման միջոցառումներն ընդհանրապես նոր հեռանկարներ են ստեղծում մեր երկրում գաստրոմշակույթի, զբոսաշրջության զարգացման, ամենատարբեր հեղինակավոր հարթակներում մեր երկրի իմիջի բարձացման համար:

Աննա Սաթյան

 



© NEWS.am STYLE