«Հայ կանայք շատ գեղեցիկ են. արդեն ուզում եմ այստեղ երկար մնալ». Արթուրո Սանդովալ (ֆոտո/վիդեո)

14:15   6 նոյեմբերի, 2018

Happy Birthday-ի հնչյունների ներքո շնորհավորանքներով ու բարձր ծափողջույններով հայ լրագրողներն այսօր դիմավորեցին կուբացի հայտնի ջազ երաժիշտ եւ շեփորահար, «Գրեմմիի» 10-ակի դափնեկիր Արթուրո Սանդովալին, որն իր ծննդյան 69-ամյակն այսօր նշեց Հայաստանում: Երաժիշտն, իհարկե, շոյվեց եւ ընդունեց բոլոր շնորհավորանքները, բայց մի նկատառում արեց. «Դեռ պետք է մոտ մեկ ժամ էլ համբերենք, ես մի փոքր ուշ եմ ծնվել»:

Արթուրո Սանդովալը վաղը՝ նոյեմբերի 7-ին, կբացի Yerevan Jazz Fest 2018 փառատոնը, որն այս տարի ընդլայնել է իր սահմանները: Առաջն անգամ փառատոնի շրջանակում համերգներ կկազմակերպվեն նաեւ Գյումրիում եւ Շուշիում: Ճիշտ է՝ Սանդովալն այդ համերգներին արդեն ներկա չի լինի, բայց կազմակերպիչները վստահեցնում են՝ տաղանդավոր երաժիշտների պակաս չի զգացվի:

«Ամեն տարի շփվում եւ բանակցում էինք Արթուրո Սանդովալի հետ՝ Հայաստան հրավիելու նպատակով, սակայն լինում էին որոշակի բարդություններ, վերջապես այս տարի կարողացանք նրան հրավիրել մեր փառատոնին»,-նշեց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը, որին ի պատասխան Սանդովալը նշեց, որ զարմացած է նման նկատառումից, քանի որ ինքը միշտ պատրաստակամ է եղել ժամանել Հայաստան:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Այն, ինչ տեսել եմ այս քաղաքում, արդեն շատ եմ հավանել: Բայց ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այսքան երկար տեւեց ինձ այստեղ հրավիրելը: Վաղուց էի ցանկանում Հայաստան գալ»,-կատակեց երաժիշտը, այնուհետեւ կիսվեց Հայաստանի մասին իր գիտելիքներով եւ ստացած տպավորություններով:

«Գիտեմ, որ Հայաստանը փոքր երկիր է, սակայն այստեղ ապրում են մեծ մարդիկ, որոնք մեծ սրտի տեր են: Շատ տարիներ առաջ հայերի համար ելույթ եմ ունեցել նաեւ Լոս Անջելեսում՝ այնտեղի հայկական համայնքի հրավերով: Դե, Հայաստանի մասին նաեւ կարող եմ ասել այն, որ նկատել եմ՝ հայ կանայք շատ գեղեցիկ են: Արդեն ուզում եմ այստեղ երկար մնալ»:

Անդրադառնալով վաղը սպասվելիք համերգային ծրագրին՝ երաժիշտը նշեց.

«Վաղվա համերգի ամբողջ ընթացքը հանդիսատեսի ձեռքերում է: Ամեն ինչ կախված է նրանց արձագանքից, եթե նրանց ամեն ինչ դուր գա, արդեն ինձ լավ կզգամ: Կներկայացնեմ իմ գործերից շատերը, որոնք տարիներ շարունակ ներկայացրել եմ, կհնչեն հատկապես այն ստեղծագործությունները, որոնք կատարում եմ բենդերի հետ»:

Սանդովալը Հայաստանում նաեւ հանդես կգա վարպետության դասերով: Կամո Մովսեսյանի խոսքով՝ նման առաջարկ արել է անձամբ մեծն երաժիշտը:

«Որտեղ էլ, որ լինում եմ, անպայման ունենում եմ վարպետության դասեր: Նույնիսկ, զարմացել էի, որ մինչ իմ առաջարկը, չի նախատեսվել նման բան: Սիրում եմ կիսվել իմ փորձով: Ինձ համար երկրի սահմանները կարեւոր չեն: Երաժշտությունը ցանկացած մարդու համար է, այն օդ է, որը պետք է շնչել»:

Ի դեպ, ասուլիսի ժամանակ ներկայացվեց նաեւ ջազի գիտակ Արմեն Մանուկյանի The History of European Jazz գիրքը, որում առանձին ենթավերնագիր նվիրված է նաեւ հայկական ջազի պատմությանը:

Ինչ վերաբերում է Yerevan Jazz Fest 2018-ին, այն կտեւի նոյեմբերի 7-20-ը:

Այս տարի լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ առիթով փառատոնն այս տարի նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE