Ինչպե՞ս անցավ «Կարմեն» օպերայի փորձն ու ի՞նչ նորություններ կլինեն վաղվա երեւանյան պրեմիերային (ֆոտո/վիդեո)

17:32   9 նոյեմբերի, 2018

Ծանոթ երաժշտություն, նոր բեմադրություն, լույսեր ու քար լռություն… Ալ. Սպեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի փորձն է: Օպերայի երեւանյան բեմադրության պրեմիերան կկայանա վաղը՝ նոյեմբերի 10-ին: Բեմականացման մեջ հանդիսատեսը կտեսնի որոշակի նորամուծություններ, որոնց մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

«Վաղը կկայանա «Կարմեն» օպերայի նոր՝ հրաշալի բեմադրությունը: Օպերայի պրեմիերան արել ենք Դուբայում: Գիտե՞ք, հեշտ չէ այս սիրված եւ հայտնի օպերան նորովի ներկայացնելը, բայց ստեղծագործական կազմի շնորհիվ դա հնարավոր դարձավ»,-նշեց Օրբելյանը:

«Այս անգամ փորձել ենք նոր կոնցեպցիաներ ներգրավել, ինչը կօգնի ավելի հստակ հասկանալ բեմադրությունը: Դուբասյում պրեմիերան հրաշալի անցավ, ուրախ եմ, որ թատրոնը ծանոթացավ ուրիշ անձնակազմի հետ, ուրախ եմ, որ նման ճանապարհ անցանք: Շատ լավ կլինի, եթե նման փորձի փոխանակում հաճախակի լինի: Շատ լավ թիմ ունենք, երջանիկ եմ նրանց հետ աշխատելու համար: Ներկայացված կլինի նոր բան, որը չեք տեսել այլ բեմադրություններում, կա նաեւ մի նոր երեւույթ, որը թիթեռի տեսքով է՝ նոր կերպար է այս օպերայի մեջ: Կարծում եմ՝ նաեւ լեզուն է տարբերվում: Հիմա օպերաներ նայելուց ուզում ես մի քիչ ավելի կենդանի խաղ տեսնել, քան առաջ էր»,-մեկնաբանեց Նաիրե Ստեփանյանը:

Կարմենին օպերայում մարմնավորում է Կարինե Բաբաջանյանը, որին Կարմենի հետ Նաիրեն ասոցացրել է հատկապես կանացիության եւ բարության հատկանիշներով.

«Նաիրեն միշտ ինձ ասում է՝ այդքան բարի էլ պետք չէ լինել, քանի որ Կարմենն ունի նաեւ իր խորամանկ կողմերը: Իսկ ինչ վերաբերում է խաղընկերոսջս՝ Դմիտրի Լավրովին, նրա հետ հրաշալի էր աշխատել, նա հրաշալի անձնավորություն է»,-նշեց դերասանուհին:

Էսկամիլիոյին մարմնավորող Դմիտրի Լավրովը Երեւանում է Կոնստանտին Օրբելյանի հրավերով: Արտիստը նշում է. «Մեծ պատիվ է այստեղ գտնվելն ու այս օպերայում ներառված լինելը»:

Թատրոնի հետ բեմում կլինի նաեւ Ամերիկայից հրավիրված դիրիժոր Քրիստեֆեր Օկասեկը, որն արդեն հասցրել է ընտելանալ նվագախմբին եւ կարծում է՝ Հայաստանում տաղանդները շատ են:

«Ինձ համար առաջնային է, որ նվագախումբը հրաշալի ելույթ ունենա եւ ես հուսով եմ՝ վաղը հենց այդպիսի ելույթ էլ կվայելեք: Նվագախմբում այնքան շատ տաղանդավոր մարդիկ կան: Հրաշալի կապ ենք ստեղծել միմյանց հետ, միասին հրաշալի ենք աշխատում, ինչը շատ կարեւոր է, երբ դիրիժորն ու նվագախումբը հրաշալի հարաբերություններ են կառուցում»,-հավելեց նա:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել «Կարմեն» օպերայի փորձին: Առաջին գործողությունից փոքրիկ հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE