Էնդի Սերկիսի «հայկական» «Մաուգլիի» թրեյլերն արդեն հասանելի է համացանցում (տեսանյութ)

20:11   9 նոյեմբերի, 2018

Netflix ընկերությունն այսօր թողարկել է «Մաուգլի. ջունգլիների լեգենդը» ֆիլմի թրեյլերը, որի ռեժիսորը ազգությամբ բրիտանահայ դերասան Էնդի Սերկիսն (Սարգսյան) է:

Անիմացիոն այս ֆիլմը ֆանտաստիկ ժանրում է, իսկ կերպարներին հնչունավորում են հայտնի ու սիրված հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը, Բենեդիկտ Քամբերբեչը, Քեյթ Բլանշեթը եւ հենց ինքը՝ Էնդի Սերկիսը, որի ձայնով խոսում է հայտնի Բալու արջը:

Ֆիլմի պրոդյուսերներն են Սթիվ Քլովսը, Ջոնաթան Քեվենդիշը եւ Դեւիդ Բառոնը, սցենարի հեղինակը Քելլի Քլովսն է:

Ֆիլմի պատմությունը հայտնի է բոլորիս. այն Ռուդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության վրա է հիմնված, որը պատմում է ջունգլիներում հայտնված եւ վայրի կենդանիների մոտ մեծացած տղայի՝ Մաուգլիի արկածների մասին: Ֆիլմի նկարահանումներն անցել են Հարավային Աֆրիկայում եւ Լիվսդենում:

Պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 7-ին:

Աղբյուրը՝ IMDb



© NEWS.am STYLE