Շոփինգը ձեզ համար պարզապես ինչ-որ մի բան չի, շոփինգով պետք է զբաղվել

12:50   11 նոյեմբերի, 2018

Պարզվում է՝ այսօր Շոփինգի համաշխարհային օրն է: Այն դեռեւս այնքան էլ հայտնի չէ, բայց ասում են՝ չինացիներն են հորինել, երբ գործարկում էին իրենց մեգահանրահայտ համացանցային հարթակներից մեկը: Սակայն հանգիստ թողնենք Չինաստանին եւ Երեւան վերադառնանք, որտեղ վերջին տարիներին շոփինգը դարձել է հարմարավետ եւ հետաքրքիր...

Անձամբ ինձ համար դա մի ամբողջ ծիսակարգ է: Ինչպես փորձն է ցույց տալիս, չի կարելի անմիջապես խանութներում այս ու այն կողմ ընկնել: Եկել եք մոլ, ուրեմն մի՛ շտապեք. սուրճ կամ թեյ ըմպեք, մտովի մոտավոր հաշվարկ արեք, նույնիսկ ավելի լավ է ցանկությունների ցանկը կազմեք: Շատ սխալ է քաոտիկ ձեւով ամեն ինչի վրա անմիջապես նետվելը. արդյունքում՝ կունենաք ոչ պիտանի իրերի կույտ, անիմաստ ծախսեր եւ փչացած տրամադրություն: Ուստի՝ մի՛ շտապեք, այն ամենը, ինչ ձեզ պետք է՝ գրեք «օրգանայզերում» եւ առաջ:

Երկրորդ խորհուրդ: Եթե ինչ-որ բան եք գտել, անմիջապես մի գնեք: Խնդրեք մի կողմ դնեն եւ շարունակեք փնտրել. գուցե ավելի հետաքրքիր նորույթ գտնեք, իսկ հետո կզղջաք, որ չեք կողմնորոշվել: Կարելի է, իհարկե, «սխալ» ապրանքը վերադարձնել, բայց դա հոգս է, հերթերում լրացուցիչ հոգնություն: Ձեզ դա հարկավո՞ր է: Հետո, ամեն տեղ չեն ապրանքը հետ վերցնում: Խանութներից մեկում ինձ հետ այդպես էլ վարվեցին: Մինչեւ վերջ մնացին իրենց ասածին՝ կարելի է միայն փոխել: Ստիպված էի տխմար սվիտերով փոխել, որը մինչ օրս պահարանում փոշոտվում է:

Մի պահ էլ կա: Մի՛ գայթակղվեք, այսպես կոչված, զեղչերով: Եթե «որոշ» գումար ունեք, իսկ ինչ-որ տեղ զեղչեր են, պետք չի ծախսվել երկար ժամանակ չվաճառված ապրանքի վրա: Ավելի ճիշտ՝ եթե ձեզ պետք է պարկով անիմաստ հագուստ, որից ընկերությունն ուզում է ազատվել, ապա խնդրեմ, բայց ինձ համար ավելի լավ է եւս մի քիչ ավելացնեմ եւ արժանի մի բան գնեմ:

Ինչպե՞ս իմանալ գնվելիք ապրանքը ձերն է հենց, թե ձերը չէ: Անպայման փորձեք: Մի՛ դրեք ձեր վրա, այլ հատկապես հագեք եւ նայեք: Օրինակ՝ ձեզ հարկավոր է կոնկրետ կիսաշրջազգեստի համար բլուզ, որը, սակայն, տանն է մնացել: Մի գնեք աչքաչափով: Շատ հաճախ երանգը, ձեւվածքը առաջին հայացքից կատարյալ են թվում, իսկ իրականում ընդհանրապես այն չեն: Ուստի ավելի լավ է խնդրել մի կողմ դնեն, իսկ եթե այն ձեզ իսկապես շատ հարկավոր է, խանութ վերադարձեք կիսաշրջազգեստով: Նույն պատմությունն է նաեւ կոշիկի դեպքում: Գիտե՞ք, այն կերպարը փչացնելու հատկություն ունի: Ձեզ թվում է, թե կրունկը ընտրած տաբատին կատարելապես կհամապատասխանի, իսկ իրականում այն, օրինակ, կազմվածքն է կարճացնում… Մի խոսքով, կրկին մի՛ շտապեք, եթե վստահ չեք:

Չմոռանամ մի բան էլ ասել: Քաղցն ամեն ինչում վատ խորհրդատու է: Այդ թվում՝ այնտեղ, որտեղ խոսքը գնումներին է վերաբերում: Դա նույն բանն է, որ դատարկ ստամոքսով մտնես սուպերմարկետ եւ անխտիր ամեն ինչ գնես: Հավատացեք, ճիշտ այդպես է նաեւ նոր հագուստի դեպքում: Հետեւաբար, եթե զգաք, որ ձեր մեջ արթնացել է քմահաճ երեխան, ձեռքի հետ թեթեւ մի բան կերեք: Փառք Աստծո, հիմա ամենուր ֆուդկորտեր, սրճարան-ռեստորաններ կան...

Իրականում այս խորհուրդները անչափ հարաբերական են: Միգուցե դուք ունեք շոփինգի սեփակա՞ն փորձած սցենարներ, որոնք իմից ավելի լավ են գործում: Հայտնեք, հաճույքով կկարդամ, կքննարկենք...

Աննա Սաթյան



© NEWS.am STYLE