«Մտավախություն կար առաջին օրը». Նիկ Էգիբյանը՝ Արամ Ասատրյանի «Սուրբ Սարգիս ես կգնամ» երգը նորովի ներկայացնելու մասին

15:25   13 նոյեմբերի, 2018

Երգիչ եւ տարբերովող ոճով աչքի ընկնող երաժիշտ Նիկ Էգիբյանն օրերս երաժշտասերների դատին է հանձնել իր նոր cover-ը՝ Արամ Ասատրյանի «Սուրբ Սարգիս ես կգնամ» հայտնի երգի հիման վրա: Նիկն, իհարկե, ամենահայտնի հայկական ռաբիզ ստեղծագործություններից մեկը ներկայացրել է նոր գործիքավորմամբ եւ ժամանակակից մոտիվներով:

Կատարողն ինքն էլ խոստովանում է՝ ռիսկային էր հայերի լայն զանգվածի կողմից սիրված ստեղծագործությունը նոր տարբերակով ներկայացնելը, սակայն արդյունքը ստացված է համարում՝ ելնելով այն մեկնաբանություններից եւ կարծիքներից, որոնք հասցրել է լսել:

NEWS.am STYLE-ին երաժիշտը պատմել է, թե ինչպես ամեն ինչ սկսվեց…:)

«Այդ երգը մանկուց ականջիս է եղել… Արամի երգերն անհնար էր չլսել 94-99 թ-երին: Ես էլ, ապրելով Երեւանում, բնականաբար անընդhատ մի տեղից լսում էի: Բառերը չէի հիշում, բայց քթիս տակ անընդհատ կրկնում էի այդ երգն՝ անկախ ինձանից: Ժամանակի ընթացքում այնքան երգեցի, լրիվ ուրիշ բան ստացվեց, որովհետեւ արդեն այլ երաժշտություն էի լսում եւ գրում:) Վերջերս Մաշա Մնջոյանի համար նոր cover էինք ստեղծում, մտածեցի՝ այս երգն էլ ես երգեմ, բայց չնմանակեմ օրիգինալին, իմ տարբերակով ներկայացնեմ՝ մտածելով՝ լսողը կլսի, չլսողն էլ, թող չլսի:) Ելնելով մարդկանց արձագանքից՝ հասկացա, որ շատ սիրվեց:) »,-նշեց երգիչը՝ չբացառելով, որ, միգուցե, հետագայում շարունակի այսպիսի cover-ների շարքը:

«Անկեղծ ասած՝ արդեն մտածում եմ այդ ուղղությամբ: Ես ունեմ իմ ձեռագիրը եւ կարծում եմ՝ մարդկանց որոշակի զանգվածի դա դուր կգա: Արդեն եւս մեկ cover եմ ծրագրել թողարկել, նաեւ մտածում եմ deep house ոճում հին ու սիրված երգերի տարբեակների մշակման մասին»:

Նիկն անկեղծանում է՝ երգը տեղադրելու առաջին օրը մտավախությունը մեծ էր.

«Ուշի-ուշով հետեւում էի մեկնաբանություններին, բայց մտավախությունս հոդս ցնդեց առաջին 100 քոմենթներից հետո: Դրական կարծիքներ եմ ստանում՝ ուրիշ, տարբերվող, նոր… այսպիսի բաներ եմ լսում ու շատ հաճելի է: Անկեղծ՝ չէի սպասում նման կարծիքների, բայց շատ ուրախ եմ: Ինձ շատ անսովոր է այսքան լավ բան լսել երգածիս մասին, քանի որ երկար ժամանակ անտեսել եմ իմ սեփական երգեցողությունը»:

Այս շրջանում երաժշտական ակտիվ գործունեություն սկսած երգիչը չբացառեց նաեւ, որ այսպիսի տեմպերով շարունակելու դեպքում՝ առաջիկայում հնարավոր է համերգներով ներկայանա հայ երաժշտասերների համար:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նիկ Էգիբյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE