Դիմահարդարի խորհուրդները. թարթիչների ճիշտ ներկում

18:13   5 հունիսի, 2013

Անթերի կերպար ստեղծելու համար շատ կարեւոր է ճիշտ օգտագործել դեկորատիվ կոսմետիկան: Այդ պատճառով, NEWS.am STYLE-ն այս անգամ դիմել է դիմահարդար Գայանե Կիրակոսյանին՝ խնդրելով ներկայացնել, թե ինչպես պետք է թարթիչները ճիշտ ներկել:

«Երբեմն կանայք դժվարանում են ներկայում գոյություն ունեցող մեծ տեսականուց թարթիչների որակյալ սեւաներկ ընտրել: Իսկ այդ հարցում կողմնորոշվելուց հետո կանգնում են մեկ այլ խնդրի առջեւ. ինչպե՞ս ճիշտ ներկել թարթիչները: Սակայն ամեն ինչ այնքան էլ դժվար չէ: Պարզապես հարկավոր է իմանալ մի քանի գաղտնիք, որոնք ցանկացած աղջկա կօգնեն սեւաներկը ճիշտ քսել:

Նախ հատուկ գործիքի օգնությամբ թարթիչները խնամքով ոլորեք: Շատ կարեւոր է, որպեսզի դրանք ոչ թե կոտրվեն, այլ ոլորվեն: Այս գործողությունը կօգնի ձեր թարթիչները դարձնել ավելի երկար, եւ դրանք միմյանց չեն կպչի:

Այնուհետեւ վերցնում ենք սեւաներկը: Իհարկե, լավ կլինի գնել հայտնի ապրանքանիշերի արտադրանք, որոնք առանձնանում են փորձված որակով: Թարթիչներին քսելուց առաջ հնարավորինս լավ մաքրեք վրձնի վրա հավաքված ավելորդ ներկը: Թարթիչները պետք է ներկել միայն դեպի վեր շարժումով: Այդ կերպ դուք ավելի շատ կերկարացնեք դրանք: Ինչ վերաբերում է ներքեւի թարթիչներին, ապա պետք չէ դրանք առատորեն ներկել:

Առաջին շերտը քսելուց հետո ուշադիր հետեւեք, որպեսզի թարթիչներին գնդիկներ չմնան: Դրանք կարող եք հեռացնել անձեռոցիկի կամ չոր խոզանակի օգնությամբ: Մի քանի րոպե սպասելուց հետո կարող եք քսել նաեւ երկրորդ շերտը: Հիշեք, որ կարելի է քսել առավելագույնը երեք շերտ: Յուրաքանչյուր շերտը քսելուց հետո սպասեք, որպեսզի դրանք չորանան, հետո միայն քսեք հաջորդը:

Եթե առօրյա դիմահարդարում եք անում, ուրեմն պետք չէ սեւաներկը քսել 3 շերտով: Ցերեկային դիմահարդարման պարագայում առաջարկում եմ բավարարվել մեկ շերտով: Իսկ եթե երեկոյան դիմահարդարում եք անում, ապա մեկից երեք շերտ՝ կախված ձեր թարթիչների խտությունից: Եթե դրանք շատ խիտ են, հարկավոր է շատ քիչ ներկել»: 



© NEWS.am STYLE