Արփի Գաբրիելյանի ծննդյան տարեդարձը երկրպագուների հետ եւ շրթներկի շնորհանդեսը (ֆոտո/վիդեո)

10:25   19 նոյեմբերի, 2018

Երեկ կրկնակի տոն էր դերասանուհի-երգչուհի Արփի Գաբրիելյանի համար: «Ֆուլ Հաուս» սիթքոմի աստղը ոչ միայն նշեց ծննդյան տարեդարձը, այլեւ ներկայացրեց իր բրենդային շրթներկը՝ FERAL X ARPI-ն: Դերասանուհու օրը նրա հետ կիսեցին նաեւ երկրպագուները, որոնք բացի ստորագրություններից եւ սելֆիներից՝ Արփիի կողմից արժանացան նվեր-քարտերի:

Դերասանուհին իր բրեդային շրթներկը ստեղծվել է Feral Cosmetics-ի հետ համագործակցության արդյունքում: Ընկերության տնօրեն Արփինե Զոհրաբյանի խոսքով՝ իրենք համագործակցության համար ընտրել են հենց Արփի Գաբրիելյանին՝ ճանաչելով նրա բնավորությունն ու տեսակը:

Առայժմ հավաքածուն ընդգրկում է շրթներկի երկու տարբեր երանգ: Առաջինը կոչվում է արփիագույն. այն ոգեշնչված է դերասանուհու սիրելի nude դիմահարդարումից, իսկ երկրորդը՝ փայլուն շրթներկ է, որից կարող են օգտվել նաեւ Արփիի դեռահաս երկրպագուհիները:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր հետեւում են ինձ, գիտեն՝ ինչ տիպի make up եմ սիրում… Առհասարակ, կարծիք կա, թե ես պլաստիկ վիրահատությունների «զոհ» եմ… բայց հիմա մանավանդ կարող եմ ասել, որ ես ոչ մի պլաստիկ վիրահատության երբեք չեմ դիմել, դրան գումարած՝ դիմահարդարման մեջ, նույնիսկ, ստվերաներկի չարաշահումը ինձ վրա շատ ցայտուն է երեւում, այդ պատճառով ես միշտ նեյտրալ գույների մեջ եմ դիմահարդարվում: Բնականաբար, քննարկման առաջին թեման այն էր, որ պետք է ընտրենք այն գույնը, որը ես միշտ օգտագործում եմ: Ես եւ Արփինեն որոշեցինք գույների միախառնումով ստանալ այն երանգը, որը ես նախընտրում եմ: Երկրորդ գույնը պարզապես փայլ է: Քանի որ իմ թիրախային լսարանը հիմնականում դեռահաս աղջիկներն են, նրանք չեն կարող լիարժեք օգտվել կոսմետիկական պարագաներից, այդ պատճառով էլ տեղծեցինք փայլուն շրթներկը»,-նշեց դերասանուհին՝ հավելելով, որ գնային առումով էլ շրթներկը շուկայի համար մատչելի կլինի՝ մաքսիմալ հարմար բոլորի գրպանին:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել Արփի Գաբրիելյանի շրթներկի շնորհանդեսին: Մանրամասները՝ մեր տեսանյութում եւ ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE