Լավ մոռացված հինը. «Ջերրի Մագուայեր»

20:34   21 նոյեմբերի, 2018

Հույս ունեմ, որ լավ կինոյի հանդեպ մեր սերը ոչ մի տեղ չի անհետացել, եւ մենք շարունակում ենք հիշել անցյալ տարիների ամենանշանային ֆիլմերը:

NEWS.am STYLE-ն այս անգամ կպատմի 1996 թվականի ֆիլմի՝ «Ջերրի Մագուայեր»-ի մասին: 

Ռեժիսորական բազկաթոռին էր նստել Քեմերոն Քրոուն, ինքն էլ հենց գրել էր սցենարը, նաեւ ֆիլմի պրոդյուսերն էր, ինչը վկայում է այն մասին, որ Քրոուի համար իր հոգեզավակն անչափ թանկ էր, եւ նա ձգտել է իր վրա վերցնել կինոնկարի ամբողջ պատասխանատվությունը: Գլխավոր դերի համար ընտրել են լսարանի կեսի՝ գեղեցիկ սեռի տենչալի կերպար Թոմ Քրուզին:

Իհարկե, դրա պատճառով խնդիրներ սկսվեցին. պարզվեց՝ կնոջ գլխավոր դերը կատարողին գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ քասթինգի ժամանակ բոլոր դերասանուհիները Քրուզի հետ բացահայտ սիրախաղ էին սկսում: Ի վերջո՝ դերի համար հաստատեցին Ռենե Զելվեգերին, դերասանական կազմին միացավ նաեւ Կյուբա Գուդինգ կրտսերը:

Ըստ էության, ինչի՞ մասին է ֆիլմը: Սպորտային գործակալ Ջերրի Մագուայերի (Թոմ Քրուզ) մասին է, որն իր գործում բավականին հաջողակ է, սակայն ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով նրա ամբողջ կարիերան աչքի առաջ փլուզվում է: Անձնական կյանքում եւս համատարած անախորժություններ են. նա ընկերուհուց բաժանվում է:

Ջերրին աշխատանքից հեռանում է սկանդալով՝ գործընկերներին կոչ անելով իրեն միանալ, սակայն նրա կոչին արձագանքում է միայն Դորոթին (Ռենե Զելվեգեր): Վերջնականապես չկործանվելու համար նրանք պետք է լավ գործարք կնքեն ամերիկյան ֆուտբոլի խաղացողի համար:

Գիտեմ-գիտեմ, սինոփսիսը ստանդարտ է եւ շարքային, բայց հավատացեք՝ սա անհրաժեշտ է, որպեսզի դիտելիս ինքներդ զգաք ֆիլմի ամբողջ դրամատուրգիան: Սկզբից եւեթ ասեմ, որ այս ամենը դրամա չէ եւ սպորտային կրքեր… սա մեկ մեծ, մոտիվացնող եւ ուսուցանող պատմություն է մարդկային փոխհարաբերությունների, շփման ուժի մասին, որը պահպանել կարողանալը շատ կարեւոր է, այն մասին, թե որքան կարեւոր է վստահել կարողանալը եւ այդ վստահությունն արդարացնելը: Այն մասին է, որ մեզ բոլորիս, ով էլ որ լինենք, երբեմն պարզ մարդկային աջակցություն է պետք:

Ֆիլմը հեշտ է ընկալվում, որովհետեւ պաթոսային խոսքի «բաղադրություն» չէ: Դերասանների եռյակն իր դերը առավելագույն բարձրությամբ է կատարել, նրանց հավատում ես ու վստահում, իսկ ամենագլխավորը՝ նրանց համար ապրումներ ես ունենում՝ ուրախանում ես, երբ ճիշտ են վարվում, եւ վրդովվում ես, երբ տեսնում ես նրանց սխալները:

Կյուբա Գուդինգ կրտսերը «Օսկար» է ստացել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար, եւ կարծում եմ՝ սա նրա դերասանական խաղի մասին վկայում է ցանկացած խոսքից ավելի լավ: Ֆիլմը 50 մլն դոլար բյուջեի պարագայում վարձույթում հավաքել է 273 մլն դոլար: Հավատացեք, որ 1996 թվականի համար սեփական բյուջեն ավելի քան 5 անգամ գերազանցելը մեծ ձեռքբերում է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE