«Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մեր պատվիրակը Մինսկում է. ինչպե՞ս հայերը կարող են քվեարկել Լեւոնի օգտին

16:32   23 նոյեմբերի, 2018

Օրեր առաջ Հայաստանի պատվիրակությունը ժամանեց «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը հյուրընկալող Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Օդանավակայանում ջերմ ընդունելության արժանացած մեր պատվիրակությունը մասնակցեց «Մանկական Եվրատեսիլ»-ի բացման հանդիսավոր արարողությանը:

Հաջորդ օրը Մինսկ-Արենայում կայացավ L.E.V.O.N-ի առաջին փորձը, որը հասանելի է «Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական Յութուբյան էջում՝ հետևյալ հղումով: Այսօր երեկոյան Լևոնը կհանդիպի Բելառուսի հայ համայնքի հետ:

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մրցութային համերգին մնացել են հաշված օրեր, և արդեն վաղը կկայանա ժյուրիի շոուն և ելույթները կգնահատի միջազգային ժյուրիի կազմը:

Այս տարի հեռուստադիտողները կարող են ընտրել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողին առցանց քվեարկությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 23:00-ից սկսած, կարող են քվեարկել jesc.tv կայքի միջոցով:

Ելույթները դիտելուց հետո հնարավոր է քվեարկել նախընտրած երեք, չորս կամ հինգ մասնակիցների օգտին: Առցանց քվեարկությունը հնարավորություն է տալիս աջակցելու նաև ձեր երկրի մասնակցին: Այսպես հայաստանաբնակները ևս ունեն հնարավորություն քվեարկելու մեր երկիրն ներկայացնող Լևոնի օգտին:

Քվեարկությունն կավարտվի կիրակի՝ նոյեմբերի 25-ին, «Մանկական Եվրատեսիլ»-ից անմիջապես առաջ և կվերաբացվի, երբ բոլոր կատարումներն ավարտվեն: Այս անգամ քվեարկությունն իրականացնելու համար տրված կլինի ընդամենը 15 րոպե:

«Մանկական Եվրատեսիլ»-ը ուղիղ եթերով Առաջին ալիքի եթերում կլինի նոյեմբերի 25–ին` ժամը 19:00–ին:



© NEWS.am STYLE