«Մանկական Եվրատեսիլ 2018». Հայաստանի մասնակից Լեւոնն առաջատարն է` ըստ Wiwibloggs-ի

18:54   24 նոյեմբերի, 2018

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ի նախամրցութային շաբաթն արդեն մեկնարկել է Մինսկում: Մեր մասնակից Լեւոն Գալստյանն ու մյուս 19 երկրների ներկայացուցիչներն արդեն սկսել են իրենց ելույթների փորձերն ու հասցրել տպավորություն գործել մրցույթի երկրպագուների վրա: Wiwibloggs կայքը շաբաթվա սկզբին քվեարկություն էր հայտարարել` փորձելով պարզել, թե որ մասնակիցն է համարվում մրցույթի երկրպագուների ֆավորիտը: Կայքն այսօր ամփոփել է քվեարկության արդյունքը, եւ ի ուրախություն մեզ` Հայաստանի մասնակիցը քվեարկության առաջատարն է: Նա հավաքել է ձայների 16,24 %-ը: Երկրորդ հորիզոնականում Ղազախստանի ներկայացուցիչն է (13,97%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի ներկայացուցիչը (10,78%): 

Ի դեպ, այս տարի Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Լեւոնի օգտին. www.jesc.tv կայքում երեկվանից բացվել է օնլայն քվեարկությունը, որը տեւելու է մինչեւ մրցույթի մեկնարկը:

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ը կկայանա նոյեմբերի 25-ին, որին Լեւոնը կներկայանա Արտեմ Վալտերի հեղինակած L.E.V.O.N երգով: Հայ հեռուստադիտողը մրցույթին կարող է հետեւել 19:00-ին` Առաջին ալիքի ուղիղ եթերում:



© NEWS.am STYLE