«Հեռուստատեսությունից դուրս գալու որոշումը իմն է եղել. համարեցի, որ պետք է դադար տամ». Մհեր Խաչատրյանը՝ եթերային «լռության» մասին

13:25   28 նոյեմբերի, 2018

Մհեր Խաչատրյանը տեւական ժամանակ է՝ հեռուստադիտողին բարի լույս չի մաղթում առավոտյան եթերից. նրան նաեւ չենք տեսնում հումորային նախագծերում: Հաղորդավար-դերասանը վերջերս սոցիալական ցանցի իր էջում գրառում արեց՝ հաստատելով, որ 3 ամսից ավել է՝ հեռուստատեսությունից դադար է վերցրել՝ անորոշ ժամանակով: NEWS.am STYLE-ը Մհերի հետ զրուցել է տեւական դադարի, հայկական հումորային նախագծերի եւ առաջիկա ծրագրերի մասին:

Մհեր, շատերը նկատած կլինեն, եւ վերջերս ինքդ էլ նշեցիր, որ տեւական ժամանակ է` հեռուստաեթերում չես: Ինչո՞վ է պայմանավորված եթերային լռությունդ` նոր նախագծերի առաջարկներ չկա՞ն, թե՞ ինքդ էլ չես ցանկամում լինել հեռուստաեթերում:

Կարելի է ասել՝ երկուսն էլ, սակայն հեռուստատեսությունից դուրս գալու որոշումը իմն է եղել, քանի որ համարեցի, որ պետք է դադար տամ, վերաիմաստավորեմ հայկական հեռուստատեսության ներկայիս զարգացումներն ու իմ տեղը դրանց մեջ: Ունեմ սեփական պատկերացումներս որակյալ պրոդուկտի մասին, որոնք կիրացնեմ համապատասխան առաջարկի դեպքում, բայց և կփորձեմ դա անել ինքնուրույն՝ օգտագործելով այլ հարթակներ, օրինակ՝ YouTube-ը:

Ինչո՞վ ես զբաղված այս շրջանում:
Աշխատում եմ ինքս ինձ վրա, նոր նախագծերի սինոփսիսներ եմ մշակում, որոնք հուսամ կիրականացնեմ, ինչպես նաև հետևում եմ աշխարհում և հատկապես մեր երկրում տեղի ունեցող տարբեր ոլորտների իրադարձություններին ու փորձում եմ վերլուծել՝ ժամանակի զգացողությունը չկորցնելու համար:

Եթերում հայտնվեցիր հումորային ձեւաչափով եւ հենց այդ ձեւաչափով էլ հիմնականում շարունակվեց քո ուղին. հնարավո՞ր է` առաջիկայում բոլորովին նոր նախագծով ներկայանաս:

Չէի ասի, որ միմիայն հումորային ֆորմատով եմ աշխատել. օրինակ «Բարի Լույս»-ը այնքան էլ հումորային ծրագիր չէ: Իսկ այլ ֆորմատներում մեծ սիրով հանդես կգամ, քանի որ ինքս ինձ հումորիստ չեմ համարում: Ես հաղորդավար եմ, որն ունի մի փոքր հումորի զգացում և երբեմն կատակում է:

Հումորի ասպարեզի մարդկանց ծիծաղեցնելն ավելի դժվար է: Կարո՞ղ ես հիշել վերջին անգամ ո՞վ եւ ինչպե՞ս է քեզ ծիծաղեցրել:

Վերջին անգամ ծիծաղեցրել է բարեկամներիցս մեկը՝ ինքնաթիռի ու ճապոնուհու հետ կապված մի պատմությամբ: Մանրամասները չեմ ասի:

Մասնագիտությամբ, եթե չեմ սխալվում, իրանագետ ես: Երբևէ մասնագիտությունդ կյանքում կիրառե՞լ ես: Ցանկություն կա՞ աշխատելու տվյալ մասնագիտությամբ:

Մասնագիտությամբ աշխատելու ցանկություն չկա, սակայն կյանքում կիրառել եմ պարսկերենի իմացությունս, օրինակ միջոցառում վարելիս, որտեղ եղել են իրանցի հյուրեր:

Հարցազրույցներից մեկում նշել ես` «եթե չլիներ հումորը... բոլորը կմտնեին քաղաքականություն»: Այսօր նույն կարծիքի՞ն ես:

Այո, և, դատելով տենդենցներից՝ այսօր հումորը շատ ավելի քիչ է:

Մհեր, վերջերս կայացավ ArmComedy- ի stand up ներկայացումը, որին կարծես` ներկա չէիր, ինչը շշուկների թեմա դարձավ… Ի՞նչ հարաբերությունների մեջ ես այսօր ArmComedy-ի գործընկերներիդ հետ:

Ի՞նչ շշուկներ: Ներկա չեմ եղել, քանի որ այդ օրը զբաղված էի, իսկ տղաների հետ հրաշալի հարաբերությունների մեջ եմ:

Քեզ կոնֆլիկտային մարդ համարո՞ւմ ես, թե՞ հեշտ հարմարվող ես:

Ավելի շատ կոնֆլիկտային եմ: Բայց ոչ անտեղի: Հարմարվողականությունը լճացնում է մարդուն, իսկ ես նման ցանկություն չունեմ:

Կա՞ հումորի, կատակի տեսակ, որը չես ընդունում:

Այո, դա անճաշակ և ոչ ծիծաղելի հումորն է: Վերջերս շատ եմ հանդիպում:

Հայկական հումորային նախագծերն այսօր շատացել են: Հետեւո՞ւմ ես որեւէ մեկին: Ի՞նչ կարծիք ունես

Աշխատում եմ հետևել բոլոր նորություններին, ոչ միայն հումորի ասպարեզում: Կարծիքս խիստ սուբյեկտիվ ու հիմնականում բացասական է: Շատ քիչ են նախագծերը, որտեղ բացի «խնդցնելուց» հումորը կատարում է նաև ճաշակի ձևավորման ֆունկցիա: Որակյալ հումորի համար պետք է ունենալ լայն աշխարհայացք և ժամանակի, ներկայիս իրավիճակի ճիշտ զգացում: Այդ դեպքում նույնիսկ ամենապրիմիտիվ մեմը կամ անեկդոտը շատ ավելի ժամանակակից ու խորիմաստ կլինեն:

Հայկական նախագծերից նախընտրում եմ «Արմքոմեդի Լայվ»-ը, փորձում եմ թողարկումները բաց չթողնել, սակայն ոչ միշտ է ստացվում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մհեր Խաչատրյանի Facebook –ի էջից



© NEWS.am STYLE